ԱԺ-ում փակ լսումներից հետո անհետ կորածների ծնողներ են եղել, որ նույնականացման արդյունքում իրենց զավակների մասունքները վերցրել են ու հուղարկավորել:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Դա արդյո՞ւնք չէ, կարծում եմ՝ արդյունք է»,- ասել է նա։
Քոչարյանը նշել է, որ անհետ կորածների հարազատների հետ ևս մեկ քննարկում տեղի կունենա, քանի որ պետք է հասնել այն կետին, որ բոլոր հարցերը սպառվեն:
Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ մասունքներ պետք է փնտրել հակառակորդի մոտ։
«Դրան հասնելու համար հանձնաժողովները աշխատում են, եղել է հանդիպում, պետք է հասնենք նրան, որ բոլորը բոլորի հետ փոխանակում ունենանք։ Ամեն ինչ պետք է բերվի զրոյական վիճակի, ծնողը կհանգստանա, երբ վստահ կգտնի իր երեխայի մասունքն ու հողին կհանձնի»,- ասել է Քոչարյանը։