Եթե Լևոն Քոչարյանի ոճով որևէ «մոսկա» լալահառաչ ելույթ ունենար «եվրաչինովնիկների» առաջ, հայրը կմեղադրեր «կեղտոտ սպիտակեղենը» «պոլիտբյուրոյի» պարանին փռելու համար

Կայացավ Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի չորրորդ նիստը, որին, նկատենք, խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները՝ ՊՈՒ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյան, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյան, լավ էին նախապատրաստվել։ Ասել կուզենք՝ լավ էին մտել «հալածյալ», «ճնշյալ» օպոզիցիայի դերի մեջ և բավական համոզիչ էին շարադրում իրենց գանգատներն ու բողոքները ՀՀ դեմոկրատական ինստիտուտների վատ, թերի աշխատանքի կամ, Քոչարյան կրտսերի ձևակերպմամբ՝ «ժողովրդավարության լուրջ դեֆիցիտի բախվելու» մասին։ Թե՝ ընդդիմադիր գործիչները քաղաքական հետապնդման են ենթարկվում, շինծու մեղադրանքներ են առաջադրվում, դատարաններն անկախ չեն, ըըը… «բագաժնիկը չի բացվում», «էս «Հիտլերը տեղում չի», «էս ինչ կեղտոտ պադյեզդ ա», մի խոսքով՝ «մանթո ենք», «ժամո ենք»…

Որդի Քոչարյանը քանի որ հով, ապահով կյանքով է ապրել իր հոր կառավարման տարիներին, գուցե այդ պատճառով էլ տեղյակ չէ, թե ինչ է բռնաճնշումը, թե ինչ է քաղաքական հալածանքը, թե ինչպես է իրականացվում հեռախոսային արդարադատությունը, այլապես չքմեղի դեմք ընդունած՝ «պոլիտբյուրոյի», ներողություն՝ ԵՄ ներկայացուցիչների առաջ չէր գանգատվի իր հոր կերպարի հետ ասոցացվող երևույթներից։ Եվ բացի սրանից, եթե իր պես մի ընդդիմադիր «մոսկա», ներողություն՝ գործիչ նույնպիսի լալահառաչ ելույթ ունենար «եվրաչինովնիկների» առաջ, հաստատ կմեղադրվեր «կեղտոտ սպիտակեղենը» «դրսի» պարանին փռելու համար։ Ինչևէ։ ԵՄ պաշտոնյաների հետ դիալոգում միայն հեղափոխական իշխանության օրոք ժողովրդավարության վատ վիճակի հարցը չէ, որ քննարկվեց։ Այլ՝ վերջին շաբաթներին հենց իրենց՝ ընդդիմության կողմից բուռն «հալածանքի» արժանացած, քաղաքական «հետապնդման» ենթարկված օրակարագը՝ ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու քաղաքացիական նախաձեռնությունը (օրենքի համապատասխան նախագիծը, հիշեցնենք, ԱԺ-ն ընդունել է առաջին ընթերցմամբ)։ Ընթերցողը կհիշի ընդդիմության՝ նախագծի քննարկման ժամանակ հնչեցրած «զսպիչ հորդորները», թե՝ մեզ ԵՄ-ում ոչ մեկը չի սպասում, մեզ նույնիսկ չեն հրավիրել այդ ընտանիք, որ՝ հնարավոր չէ միաժամանակ նստել երկու աթոռի՝ լինել ԵԱՏՄ անդամ և հավակնել ԵՄ անդամությանը, որ՝ իշխանությունն իր այս արկածախնդրությամբ աշարհաքաղաքական այս բարդ իրավիճակում փորձանք է բերելու մեր երկրի ու քաղաքացիների գլխին և այլն, և այլն…

Մասնավորապես Հայկ Մամիջանյանը, որի ղեկավարած խմբակցությունը դեմ քվեարկեց հիշյալ օրենքի նախագծին, ԵՄ պաշտոնատար անձանց առաջ գլուխ էր գովում, թե հպարտ է, որ ներկայացուցիչն է այն քաղաքական ուժի, որը ստորագրել է CEPA-ն՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որ՝ ջանասիրաբար են աշխատել ու մեծ դժվարությամբ են հասել այն կետին, երբ ստորագրվեց հիշյալ փաստաթուղթը, որ՝ շնորհակալ է այն ամենի համար, ինչ Եվրոպական խորհրդարանում արվել է մեր երկրի համար, բա՜յց… ԵՄ անդամակցության հետ կապված հանրության մոտ ձևավորվող «բարձր ակնկալիքները» կարող են «ի դերև ելած հույսի» վերածվել՝ կանգնեցնելով մեզ խնդիրների առաջ։ Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանն էլ իր արձագանքում նկատեց. «Երբ խոսքը ՀՀ անդամակցության նպատակադրման մասին է, իմ կարծիքով՝ չենք կարող միանգամից խոստանալ, որ կամուսնանանք առանց ժամադրությունների։ Կարող ենք մեր առաջ նպատակ դնել, ցանկանալ, բայց կան շատ բաներ, որոնք անկանխատեսելի են, և մենք էլ աշխատանք ունենք անելու։ Մեր անդամ պետությունների քաղաքացիները ավելի ու ավելի պակաս են աջակցում ԵՄ ընդլայնմանը, ուզում են կենտրոնանալ իրենց եղած խնդիրների վրա։ Հետևաբար նրանց համոզելը հեշտ չի լինելու, քանի որ դա պետք է հաստատեն բոլոր անդամ պետությունները»։ ԵԽ պատգամավորը վստահեցրեց՝ ՀՀ-ի կողմից էլ շատ բան կա անելու ԵՄ-ին միանալու համար՝ «առանց վերջնական խոստում պահանջելու մյուս կողմից»։ Սերժ Սարգսյանի սանիկը դավաճանած կլիներ իր գործընկեր Արմեն Աշոտյանի քնարին, եթե աշոտյանաբար չկառչեր Լեքսմանի կիրառած այլաբանությունից ու իր հետագա արձագանքում չհակադարձեր ԵՄ ներկայացուցիչներին՝ «ամուսնության» թեմատիկան զարգացնելով։ Թե՝ «մենք չենք սկսում ժամադրությունների փուլը, մենք արդեն ամուսնացել ենք, ես առաջինը կլինեմ, որ կասեմ՝ սենյակում փիղ կա, մենք ԵԱՏՄ անդամ ենք, մեր տնտեսությունը էապես դրանից կախված է, լավ է, վատ է՝ այլ հարց է, բայց դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել։ Ճիշտ արտահայտվեմ՝ մենք նախ պետք է ամուսնալուծվենք մեկից, նոր, այսպես ասած, ամուսնանանք մյուսի հետ։ Հետևապես նորմալ է, երբ իմ պես մարդիկ հարցեր են տալիս՝ բա դրա վերջն ինչ է լինելու»։

Սպասում էինք, որ այս անհամ համեմատությունն արած ու սենյակում առկա փղի մասին համարձակորեն հայտարարած Մամիջանյանը վերջապես մատնացույց կանի «փղին», որն էլ, փաստորեն, մեկ գիշերվա մեջ ԶԱԳՍ քարշ տվեց ՀՀ-ին ու բռնի ուժով ամուսնանալ տվեց իր հետ։ Եվրոպական միության պաշտոնյաներն ու եվրաձգտում ունեցող հայ հասարակությունն, անշուշտ, քաջ գիտեն այդ փղի անունը՝ Վլադիմիր Պուտին, որի ստեղծած Մաքսային միության հետ Սերժ Սարգսյանի կնքած «ամուսնական բռնի ակտը» տեղի ունեցավ ԵՄ-ի հետ «նշանադրված» լինելու պայմաններում։ Հիշեցնենք՝ Հայաստանը բանակցում էր Եվրոպական միության հետ Ասոցացման և Ազատ առևտրի համաձայնագրերի ստորագրման շուրջ։ Մոտ 4 տարվա բանակցություններից, իմա՝ «նշանադրությունից» հետո, փաստաթուղթը պատրաստ էր նախաստորագրման՝ 2013 թ. նոյեմբերի 29-ին։ Սակայն 2013-ի սեպտեմբերի 3-ին Պուտինի ներկայությամբ Սերժ Սարգսյանը ԵԱՏՄ-ի հետ «պսակվելու» փաստաթուղթ ստորագրեց։ Այս ակտից ամիսներ առաջ՝ 2013-ի մարտի 18-ին, նույն Ս. Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով այն մտահոգություններին, թե ՌԴ-ն կարող է ՀՀ-ին պարտադրել, որ մաս կազմի Մաքսային՝ հետագայում Եվրասիական տնտեսական միությանը, հայտարարել էր. «Մի՛ հավատացեք նրանց, ովքեր ասում են, որ ռուսները մեզ պարտադրում են դառնալ Մաքսային միության անդամ: Չկա՛ այդպիսի բան: Չկա՛: Քանի անգամ կրկնեմ, որ հասկանալի լինի բոլորի համար»: Այս նույն Սերժ Սարգսյանը հետագայում պիտի խոստովաներ՝ ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշումը կայացվել է մեկ գիշերում՝ Մոսկվայում։ 2013 թվականի սեպտեմբերի 4-ին Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Էլմար Բրոքը հայտարարեց, որ Մաքսային միությանը անդամակցելու մասին որոշումը Հայաստանի նախագահը կայացրել է Ռուսաստանի ճնշման ներքո: «Մենք գիտենք, որ Հայաստանը գտնվում է Ռուսաստանի աննկարագրելի ճնշման ներքո Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա բարդ իրավիճակի պատճառով: Հայաստանի նման փոքր երկրին շանտաժի են ենթարկել նման որոշում կայացնելու համար»,- ասել էր գերմանացի խորհրդարանականը: Առաջ անցնելով՝ նշենք, որ 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում, Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ ԵՄ Ասոցացման համաձայնագրի կնքումը, այսպիսով, դարձավ անհնարին, քանի որ երկիրը չի կարող միաժամանակ գտնվել երկու մաքսային և առևտրային գոտիներում:Մամիջանյանն ու ՀՀԿ-ի ագիտպրոպն, անշուշտ, ԵՄ-ի հետ «նշանվելու», հետո ԵԱՏՄ-ի հետ «ամուսնանալու» որոշումը փաթեթավորել էին որպես «և-և»-ի և կամ «փոխլրացման» քաղաքականություն։

Ինչևէ։ Ունենք այն, ինչ ունենք։ Իսկ ունենք այն, որ ՀՀ-ն, լինելով ԵԱՏՄ անդամ, չի կաշկանդվում Մամիջանյանի ասած «ամուսնական» կապանքներով՝ փորձելով դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը, մասնավորապես հարաբերությունները ԵՄ-ի, Պարսից ծոցի երկրների, Հնդկաստանի և այլ երկրների հետ։ Այս համատեքստում շատ կարևոր են այն ուղերձները, որոնք հնչեցին նախօրեին տեղի ունեցած միջոցառման ժամանակ։ Իսկ ուղերձները շատ ոգևորող էին։ Մասնավորապես՝ ԵՄ-ի ստանդարտներին համապատասխանելը արդեն իսկ մեծ ձեռքբերում է տվյալ երկրի համար՝ եթե նույնիսկ անդամակցությունը տեխնիկական պատճառներով անհնարին լինի, որ՝ դեպի ԵՄ տանող ճանապարհը, այո, տնային ահռելի մեծ աշխատանք է ենթադրում, հետխորհրդային երկրներից որոշները նույնպես անցել են այդ բարդ ու դժվարին, տասնյակ տարիներ տևած աշխատանքով ու հասել իրենց առջև դրված խնդրին՝ անդամակցություն ԵՄ-ին։ Այնպես որ՝ Հայաստանի որոշելիքն է՝ որ ուղղությամբ է ուզում շարժվել, ՀՀ-ի շարժվելու տեմպից ու թափած ջանքից է կախված՝ կհասնի՞ իր նախընտրած ուղղության վերջնակետին, թե՞ կսայթաքի, կընկրկի ու դուրս կմնա «վազքուղուց»։

Հ. Մ.

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ