Վարդանյանի զարկերակային ճնշումը վտանգավոր բարձր էր, մի քանի անգամ ուշագնացության եզրին է եղել. Ջարեդ Գենսեր

Ռուբեն Վարդանյանի առողջությունը վտանգված է:

Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրում է փաստաբան Ջարեդ Գենսերը:

«Վարդանյանի զարկերակային ճնշումը եղել է վտանգավոր բարձր, ինչը պահանջել է բժշկական օգնություն։ Նա հյուծված տեսք է ունեցել ու մի քանի անգամ ուշագնացության եզրին է եղել»,- գրում է փաստաբանը։

Չնայած առողջական լուրջ խնդիրներին, Վարդանյանին, այնուամենայնիվ, ստիպել են կանգնել Բաքվի ռազմական դատարանի դատական կոլեգիայի առջև և մասնակցել նիստին, որը գաղտնի և դռնփակ է անցկացվել:

Ըստ Գենսերի, հաշվի առնելով Վարդանյանի առողջական վիճակը՝ պաշտպանական կողմը նախնական միջնորդություն է ներկայացրել՝ նիստը հետաձգելու մասին, իսկ դատական կոլեգիան ընդմիջում է հայտարարել՝ պետության նշանակած բժշկի կողմից բուժզննում անցնելու համար։ Դատական կազմը մերժել է դատավարությունը հետաձգելու առաջին միջնորդությունը, ինչպես նաև ևս չորսը՝ տարբեր պարբերականությամբ՝ պնդելով, թե Վարդանյանի համար անվտանգ է մասնակցությունը նիստին, քանի որ նա նստած է։

Հիշեցնենք՝ Վարդանյանի գործով «դատավարությունը» մեկնարկել է հունվարի 17-ին: Վարդանյանը հացադուլ էր հայտարարել՝ ի նշան դատավարության ընթացքում միջազգային ու ադրբեջանական դատավարական իրավունքի խախտումների դեմ բողոքի, իսկ փետրվարի 25-ին Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 26-ին Բաքվում ընթացած շինծու դատական նիստի ժամանակ Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել էր:

Հիշեցնենք՝ ի նշան կեղծ «դատավարության» դեմ բողոքի՝ Ռուբեն Վարդանյանը փետրվարի 19-ին կրկին հացադուլ է հայտարարել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ