Երևանի քրեական ոստիկանության ծառայողները վերջին օրերին շարունակում են ակտիվ պայքարը ցանկացած տեսակի հանցատեսակների դեմ, այդ թվում՝ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Երևանի քրեական ոստիկանները հերթական զենք-զինամթերքի հայտնաբերումն են իրականացրել Երևանի կենտրոնում:
Երևանի քրեական ոստիկանությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Գրիգոր Լուսավորիչ-Բեյրութի փողոցների խաչմերուկում ռուսական համարանիշներով «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով և մեկ այլ՝ «Toyota» մակնիշի ավտոմեքենայով երթևեկող անձանց մոտ հնարավոր է՝ զենք-զինամթերք լինի:
Կարճ ժամանակում նշված փողոցների խաչմերուկում հայտնաբերել են այդ ավտոմեքենաները և նրանց տեղափոխել ոստիկանության Երևանի քրեական վարչություն:
Կայքի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներն են Երևանի բնակիչ 40-ամյա Դավիթ Մանուկյանը, Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Արսեն Բարսեղյանը, Ուկրաինայի հանրապետության քաղաքացի 36-ամյա Դենիս Նեգուլյաևը, Երևանի բնակիչներ, 53-ամյա Սեյրան Դադասյանը, 45-ամյա Էրիկ Բեգլարյանը, Կոտայքի մարզի բնակիչներ 56-ամյա Լավրենտի Վարդանյանը և 35-ամյա Արայիկ Հովսեփյանը:
Կայքի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից Դ. Նեգուլյաևի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1 հատ «ԻԺ» մոդելի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով, 1 հատ «Չեզեթ» տեսակի ատրճանակի փամփուշտատուփ՝ 9 փամփուշտով և 1 հատ 7 սմ շեղբի երկարության ծալովի դանակ, որը, ըստ վերջինիս հայտարարության, պատկանում է Դ. Մանուկյանին:
Դեպքի փաստով Երևանի քրեական ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք ներկայացվել են Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Կայքի տեղեկություններով՝ հայտնաբերված զենքերի վերաբերյալ Դ. Մանուկյանը ներկայացրել է համապատասխան փաստաթղթեր, նա Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին է, ով ԱԺ նախկին պատգամավոր է, եղել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, իսկ 2017-2019 թվականներին ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ: