Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 30-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ հրապարակել է Փարաքար և Գյումրի համայնքներում ընտրողների թիվը։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ ԿԸՀ պաշտոնական կայքից։ Տեղեկությունը ԿԸՀ-ին է փոխանցել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ Ըստ այդմ՝ Գյումրիում ընտրողների թիվը 112 160 է, իսկ Փարաքարում՝ 21 186։ 2021-ին կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ Գյումրիում ընտրողների թիվը 123 115 էր, իսկ Փարաքարում՝ 19 431։
Նշենք, որ ըստ ընտրական օրենսդրության ՝ հիշյալ համայնքներում կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնեն մինչև մարտի 5-ը, 18։00-ն՝ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ։
ԿԸՀ-ն հրապարակել է նաև ՏԻՄ ընտրությունների գրավի չափի, համայնքի ավագանու անդամների և ավագանիների անդամների թվի վերաբերյալ տեղեկություններ։ Ըստ այդմ՝ մասնավորապես 10001-ից մինչև 25 000 ընտրող ունեցող համայնքներում համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու անդամի գրավի չափը կազմում է 500 000 դրամ (ավագանու անդամների թիվը՝ 21), 70 001-ից մինչև 300 000 ընտրող ունեցող համայնքի դեպքում՝ 1 500 000 դրամ (ավագանու անդամների թիվը՝ 33)։
Նշենք, որ Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը կգլխավորի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, իսկ Փարաքարում՝ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Լյուդվիգ Գյուլնազարյանը։
Նկատենք, որ մասնավորապես Գյումրիում ՏԻՄ ընտրություններին առաջադրվելու մասին հայտարարել են նախկին քաղաքապետ, համայնքը երկար տարիներ ղեկավարած, նախկին ՀՀԿ-ական, ԲՀԿ-ի ցուցակով նախկին պատգամավոր Վարդան Ղուկասյանը, Սերժ Սարգսյանի փեսա, նախկին դեսպան Միքայել Մինասյանի ընկեր, հումորիստ, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, ԴՕԿ կուսակցությունը։
Հ. Մ.