Ավարտվել է խմբի կողմից իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վարույթի նախաքննությունը

Ավարտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը՝ երեք անձի մասով։

Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Քննությամբ պարզվել է, որ Ս.Գ.-ն, Ե.Ս.-ն, Ա.Մ.-ն ինքնությունները դեռևս չպարզաբանված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում կատարել են իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն, այն է՝ դիտավորությամբ ստեղծել են ՀՀ իշխանությունը զավթելու՝ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու համար պայմաններ:

Մասնավորապես՝ նշված անձինք նախնական համաձայնությամբ ՀՀ իշխանությունը զավթելու նպատակով, վարձատրության՝ յուրաքանչյուրին համապատասխան վճարի դիմաց եռամսյա հավաքներ անցնելու և դրա ընթացքում նոր ծանր զինատեսակներին ծանոթանալու, դրանց կիրառման հմտություններ ուսանելու, ապա ՀՀ վերադառնալուց հետո մարտական հերթապահություն իրականացնելու, ինչպես նաև գիտելիքներն այլ անձանց փոխանցելու պատրվակով 2024 թվականի ընթացքում հավաքագրել են մի շարք անձանց: Հավաքագրված անձինք Ս․Գ․–ի, Ա․Ե․–ի, Ա․Հ․–ի, Ե․Ս․–ի և ինքնությունները դեռևս չպարզված այլ անձանց կազմակերպմամբ տարբեր խմբերով մեկնել են արտերկիր, որտեղ անցել են նախնական ստուգումներ, այդ թվում՝ պոլիգրաֆ սարքի միջոցով, որի ընթացքում փորձել են պարզել նշված անձանց անձնային հատկանիշներն ու հայացքները, առնչությունը ՀՀ իրավապահ մարմինների հետ:

Նախնական ստուգումից հետո հանցավոր խմբի անդամները նշված անձանց տեղակայել են Ա․Ս․-ի ղեկավարմամբ գործող տարածքում և նրանց հետ անց են կացրել վերջիններիս արդեն հայտնի զինատեսակներով փակ տարածքում՝ շենքի ներսում մարտ վարելու պարապմունքներ, բացի այդ, վերջիններիս հայտնել են, որ վարժանքների նպատակը Հայաստանի Հանրապետություն վերադառնալն ու գործող իշխանությանը հեռացնելն է՝ այդ կերպ դիտավորությամբ ստեղծել են ՀՀ-ում իշխանությունը յուրացնելու այլ պայմաններ:

Հավաքագրված անձանց մի մասի կողմից այդ հայտարարություններին ընդդիմանալուց և ՀՀ-ում նախապատրաստվող զինված հեղաշրջմանը մասնակցելուց հրաժարվելուց հետո Ս․Գ-ն և Ա․Ե․-ն առաջացած դժգոհությունները վերացնելու, հանցավոր դիտավորությունը մինչև վերջ հասցնելու և հավաքագրված անձանց պատրաստումը շարունակելու նպատակով փորձել են ձևականորեն հերքել հավաքները ՀՀ–ում իշխանությունը զավթելու նպատակով կազմակերպվելու փաստը, սակայն նշված անձինք հրաժարվել են մասնակցել հավաքներին ու վերադարձել են ՀՀ, իսկ հանցավոր խմբի անդամները հանցագործությունն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներով, այն է՝ ՀՀ իրավապահ մարմինների կողմից հանցագործությունը բացահայտվելու պատճառով չեն կարողացել սկսել դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, քանի որ հավաքագրված անձանց մի մասը հրաժարվել է գործողությանը մասնակցելուց և վերադարձել է ՀՀ:

Ս․Գ․-ի, Ե․Ս․-ի և Ա․Մ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության յուրացումը նախապատրաստելը):

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Ս․Գ․-ի, Ե․Ս․-ի և Ա․Մ․-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ստացվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մասին:

Ըստ իրավապահների՝ ամսական շուրջ 220 հազար ՌԴ ռուբլի վճարի դիմաց, Ռուսաստանի Դաշնությունում եռամսյա հավաքներ անցնելու և դրա ընթացքում նոր ծանր զինատեսակներին ծանոթանալու, դրանց կիրառման հմտություններ ուսանելու, ապա ՀՀ վերադառնալուց հետո մարտական հերթապահություն իրականացնելու, ինչպես նաև գիտելիքները այլ անձանց փոխանցելու պատրվակով 2024 թվականի ընթացքում հավաքագրել են ՀՀ մի շարք քաղաքացիների և Լեռնային Ղարաբաղի նախկին բնակիչների:

Հավաքագրված անձինք տարբեր խմբերով մեկնել են Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաք, ապա՝ փոխադրվել այլ վայր, որտեղ անցել են նախնական ստուգումներ, այդ թվում՝ պոլիգրաֆ սարքի միջոցով՝ պարզելու համար նրանց անձնային հատկանիշներն ու քաղաքական հայացքները, առնչությունը ՀՀ իրավապահ մարմինների հետ:

Նախնական ստուգումից հետո հանցավոր խմբի անդամները հավաքագրված անձանց տեղակայել են «Արբատ» անվանումով ռազմաբազայում, որից հետո նրանց հետ անց են կացրել վերջիններիս արդեն հայտնի զինատեսակներով փակ տարածքում՝ շենքի ներսում, մարտ վարելու պարապմունքներ։

Նրանց հայտնել են, որ վարժանքների նպատակը Հայաստանի Հանրապետություն վերադառնալն ու գործող իշխանությանը հեռացնելն է՝ հնչեցնելով այդ կերպ Հայաստանի Հանրապետությունը մաքրելու և փրկելու կոչեր:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Նշված արարքը կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ:

Նաև հայտնել էինք, որ այս գործով է անցնում Սերոբ Գասպարյանը, որը կալանավորվել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ