Կարմիր կովն իր կաշին չի փոխում կամ՝ ՀՅԴ Նիդեռլանդների կառույցները բոյկոտել են Զարեհ Սինանյանի հետ հանդիպումը

Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը օրերս Նիդեռլանդների Թագավորությունում մի շարք հանդիպումներ է ունեցել (Ամստերդամ՝ փետրվարի 17-19-ը և փետրվարի 24-ին, Հաագա՝ փետրվարի 18-ին, Ալմելո՝ փետրվարի 19-21-ը, Մաաստրիխտ՝ փետրվարի 21-24-ը)։ Հանձնակատարը ՆԹ էր մեկնել հայ իրավաբանների համաժողովին մասնակցելու, համայնքային կառույցների, երիտասարդական, կրթամշակութային կազմակերպությունների, գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումներ ունենալու և համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով։

Եվ մինչ հանձնակատարի գրասենյակի պաշտոնական էջը ծանուցում է տեղի ունեցած հանդիպումների մասին, ՀՅԴ պաշտոնական կայքում հրապարակվեց Նիդեռլանդներում գործող դաշնակցական կառույցի՝ ՀՅԴ «Արամ Մանուկեան» Կոմիտեի «թոքախտավոր» հաղորդագրությունը Սինանյանի այցի և այն ՀՅԴ-ի կողմից «կտրիճաբար» բոյկոտելու մասին։ Նշենք, որ սույն հաղորդագրությունը զետեղվել է Սինանյանի լուսանկարով, վրան կարմիրով խաչ արված։

«Սինանեան իր պաշտօնին նշանակման առաջին իսկ օրէն գործեց Սփիւռքի աւանդական կառոյցները քանդելու և բաժնելու ուղղութեամբ, որ կը կազմէ իր իշխանութեան դաւադիր ծրագիրներէն մէկը: Սփիւռքի մէջ ան զօրակցեցաւ, աշխատեցաւ ու տակաւին կը շարունակէ աշխատիլ նորաբոյս, ինքնակոչ միութիւններու հետ, որոնք ոչ մէկ ներդրում ունեցած են կամ ունին համայնքէն ներս և կը յաւակնին վերցնել գաղութին ղեկը և շրջանցել աւանդական կառոյցները, որոնց տասնամեակներու վաստակը անժխտելի է: Ազգին ու Հայրենիքին չարիք հանդիսացող իշխանութեան հեռացումը կը մնայ մեր միակ պահանջը»,-մասնավորապես նշված է վերոհիշյալ Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Սփյուռքի դաշնակցական կառույցների նման վարքագիծը, նկատենք, նորություն չէ։ Ավանդական այս կուսակցությունը, ոգեշնչված ՀՀ կառույցի վարքագծով, համոզված ենք՝ նաև կատարելով վերջինիս հրահանգները, մասնավորապես 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո զբաղված է ՀՀ-ից արտերկիր մեկնած հայկական պատվիրակությունների և պաշտոնատար անձանց այցերը «հարամելու», նրանց թիրախավորելու, սաբոտաժ անելու, սադրանքներ հրահրելու «ազգանպաստ» գործով։

Նկատենք, որ ՀՅԴ Հոլանդիայի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Մասիս Աբրահամյանի և նրա դստեր մուտքը ՀՀ 2022-ին արգելվել էր։ Աբրահամյանի, ինչպես նաև մեկ այլ դաշնակցական գործչի՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի տվյալները ՀՀ ԱԱԾ-ն ներառել էր անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում։ Այս երկու գործիչները վարչական դատարանում բողոքարկել էին ԱԱԾ-ի որոշումը։ Դատարանը, նշենք, նախորդ տարի հունվարին պարտավորեցրել էր ԱԱԾ-ին հայցվորների տվյալները հանել անցանկալի օտարերկրացիների տվյալների բանկից։ Մասնավորապես Մ. Փափազյանը դատարանի որոշումից հետո ազատ ելումուտ է անում ՀՀ, ավելին, նա 2024-ի դեկտեմբերին տեղական կայքերից մեկին տված հարցազրույցում նշել էր, թե իր վերաբերյալ կայացված դատարանի վճիռը ԱԱԾ-ն չի բողոքարկել, մինչդեռ Մասիս Աբրահամյանի և նրա դստեր վերաբերյալ դատարանի որոշումները վերաքննության կարգով բողոքարկվել են։ Նշենք, որ Աբրահամյանի ներկայացրած հայցի վերաբերյալ «Դատալեքս» հարթակում ինֆորմացիան սահմանափակված է, այնպես որ հայտնի չէ՝ ինչ որոշում է կայացրել վարչական վերաքննիչ դատարանը։ Այսուհանդերձ, կարելի է եզրակացնել, որ Հոլանդիայի դաշնակցական կառույցների արգահատանքը Սինանյանի հանդեպ, «մեկ մարդու պես» նրա հետ հանդիպումը բոյկոտելն ունի պատճառ. դա Աբրահամյանի վերաբերյալ ՀՀ կառավարության՝ ԱԱԾ-ի որոշումն է։

Ի դեպ, մինչ Կոմիտեն իր «բողոքագրում» նշում է, թե Զարեհ Սինանյանը զբաղված է ՀՀ-Սփյուռք կապերը «քանդելով», Հանձնակատարի գրասենյակի՝ Հոլանդիա կատարած այցին վերաբերող լուսաբանումները այլ բան են փաստում։ Մասնավորապես Ալմելոյում Սինանյանը հանդիպել է համայնքային մի շարք կառույցների ներկայացուցիչների հետ, պատասխանել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև ՀՀ-ում անվտանգային, կրթական, մշակութային և այլ ոլորտների վերաբերող մի շարք հարցերի։ Ամստերդամ և Հաագա քաղաքներում էլ Զարեհ Սինանյանը հանդիպումներ է ունեցել Նիդեռլանդներում Սփյուռքի գործերի հանձնակատարների, «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների, «Աբովյան» մշակութային միության ղեկավար կազմի և նիդեռլանդաբնակ երիտասարդների հետ, կարևորել երիտասարդների ակտիվ մասնակցությունը Նիդեռլանդներում հայ համայնքի կյանքին և Հայաստանում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից կազմակերպվող միջոցառումներին, որոնք միտված են Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը և Հայաստանի զարգացման գործում Սփյուռքի ներուժի ներգրավմանը:

Հ. Մ.

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ