Հայհոյել են, եղել խմած. ովքեր և ինչու են բժիշկներին բռնության ենթարկել. մանրամասներ. տեսանյութ

Հերթական անգամ շտապ օգնության աշխատակիցներ են ծեծի ենթարկվել: Այս անգամ դեպքը տեղի է ունեցել Լեոյի փողոցում:

Ըստ Ներքին գործերի նախարարության՝ ծեծող տղամարդիկ ալկոհոլի ազդեցության տակ վատ զգալու համար շտապ օգնություն են կանչել և վեճի բռնվել աշխատակիցների հետ։

Երևանի քաղաքապետարանի «Շտապ օգնություն» ծառայության տնօրեն Ռուբեն Գրիգորյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնում է՝ կանչը ստացել են 23։13-ին, բրիգադը կանչի վայր շուտ է հասել, քանի որ գլխավոր ենթակայանից դեպի Լեոյի փողոց մոտ է։ Եղել են բժիշկը, բուժքույրն ու վարորդը։ Տղամարդիկ եղել են ոչ սթափ վիճակում, անադեկվատ վարքագիծ են ցուցաբերել անձնակազմի հանդեպ, չեն թողել բուժզննում իրականացնել, առաջին բուժօգնություն ցուցաբերել։ Առաջացել է լեզվակռիվ, վիճաբանություն, հետո հանդարտվել է: Հանդարտվելուց հետո բժիշկն առաջարկել է հոսպիտալացում, սակայն բնակարանից դուրս գալուց հետո փողոցում վիճաբանությունը շարունակվել է:

Կանչն իրականացրել է տղամարդկանցից մեկը, հայտնել, թե ընկերոջ ձեռքը հոդախախտ է եղել։ Ըստ Գրիգորյանի՝ ձայնագրությունից լսվել է, թե ինչպես է երկրորդ տղամարդը հայհոյախառն արտահայտություններ հնչեցնում։ Հենց այս հայհոյախառն արտահայտությունների բարձր հնչելու պատճառով առաջինը Պարեկային ծառայություն ահազանգել են հարևանները։

Շտապօգնության բժիշկներին ծեծի ենթարկած Արմավիր քաղաքի 37-ամյա և Մեծամոր քաղաքի 20-ամյա բնակիչները ձերբակալել են և տեղափոխվել բաժին:

Ներքին գործերի նախարարության Ոստիկանության հաղորդմամբ՝ 37-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 6 գրամից ավելի դեղնականաչավուն զանգվածով երկու փաթեթ և դեղնականաչավուն զանգվածով գլանակ։ 20-ամյա մեծամորցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված։

Ռուբեն Գրիգորյանը վստահեցնում է՝ շտապ օգնության բժիշկները պատասխանատու կերպով են վերաբերվում իրենց աշխատանքին, չկա որևէ բժիշկ, որ մասնագիտական առաքելությունն իրականացնելու փոխարեն վեճ ու բռնություն հրահրի։ Ըստ նրա՝ բուժառուների ոչ ադեկվատ վարքագիծն է նման դեպքերի պատճառ դառնում:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանն էլ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ թե՛ պատժիչ միջոցներով, թե՛ հասարակության վերաբերմունքով պետք է կանխել բռնությունը։

Ըստ նրա՝ պետք է մտածել նախաձեռնության մասին, որով կխստացվի պատիժը բուժաշխատողների նկատմամբ բռնության համար:

Արսեն Թորոսյանը չարդարացված է համարում այն քննադատությունները, թե գուցե բռնությունը արդարացված է, քանի որ բժիշկները երբեմն թերանում են իրենց մասնագիտական գործունեության մեջ։

Բուժաշխատողի նկատմամբ հերթական բռնության դեպքը դատապարտել է նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա շեշտել է՝ հետևողական է լինելու, որ այս դեպքերը իրավաչափ գնահատական ստանան։

Առավել մանրամասն՝ ռեպորտաժում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ