Հեշտ է Լևոն Տեր-Պետրոսյանի համար առանձնատանը նստել, «ջայլամային» հայտարարություններ անել. Մկրտչյան. տեսանյութ

Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի, և այն Հայաստանի կողմից չկատարելու մասին այնքան է խոսվել, որ տպավորություն է, թե վերոնշյալ փաստաթուղթը բաղկացած էր միայն այդ՝ 9-րդ կետից, իսկ այդ կետը կատարելու մենաշնորհը միայն Հայաստանինն է:

Այդ փաստաթղթի և այդ կետի մասին պարբերաբար խոսում են նույն փաստաթղթի նախորդ 8 կետերը խախտած կողմերը՝ Ռուսաստանը, Ադրբեջանն ու, չգիտես՝ ինչու, նաև ներհայաստանյան որոշ շրջանակներ:

Այս անգամ հերթը «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանինն էր, որը «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարել է, թե հենց այդ «չարաբաստիկ» կետը չկատարելու հետևանքով է, որ ունեցել ենք էթնիկ զտում, և որ մեղավորը միանշանակ հայկական կողմն է:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում քաղաքագետ Հարություն Մկրտչյանն ասում է՝ առնվազն նորմալ չէ, որ նույն նոյեմբերի 9-ի փաստաթղթով երաշխավոր կողմ Ռուսաստանի Դաշնությունը Լաչինի միջանցքը հանձնեց Ադրբեջանին, որի մասին ո՛չ Լևոն Զուրաբյանն է խոսել, ո՛չ էլ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը, ըստ Մկրտչյանի, բավականին հաճախ է հանդիպում դեսպան Կոպիրկինի հետ իր առանձնատանը:

Մկրտչյանի խոսքով՝ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը Հայաստանի սուվերենությունն ու ինքնիշխանությունը ոտնահարող կետ է եղել ի սկզբանե, սակայն հայկական կողմը այդ փոխզիջումային տարբերակն ընդունել է մի պարզ պատճառով, որ Լեռնային Ղարաբաղում ապրել են մեր հայրենակիցները, եղել է հայ բնակչություն, իսկ այժմ լրիվ այլ իրավիճակ ունենք, նկատում է զրուցակիցը և մանրամասնում՝ չկա՛ հայ բնակչություն, չկա՛ Լեռնային Ղարաբաղ, չկա՛ Լաչինի միջանցք, չկա՛ն առավել ևս ռուս խաղաղապահներ:

Մկրտչյանի պնդմամբ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը այն նախագահն է եղել, որը 1994 թվականին փոխանակ Ադրբեջանի ոճով դասեր տար Ադրբեջանին, ընտրել է հրադադարի ճանապարհը՝ Ղարաբաղի հարցի լուծման բանալին տալով ռուսներին:

Քաղաքագետն ասում է՝ Լևոն Զուրաբյանը թող գնա և մեղավորներ փնտրի սեփական թիմում, սկսի առաջին նախագահից ու մի քանի հարց ուղի Լևոն Տեր-Պետրոսյանին:

Արձագանքելով այն պնդումներին, թե այդքան չարչրկված 9-րդ կետը չկատարելու դեպքում կունենանք պատերազմ՝ Մկրտչյանն ասում է՝ «հերիք է այս ժողովրդին պատերազմով ահաբեկել»:

Ալիևի և Զախարովայի լոզունգներն ու հայտարարությունները բերել ներհայաստանյան տիրույթ և մահակ դարձնել՝ սեփական ժողովրդի գլխին հարվածելու համար, հանցագործություն է, ասում է Հարություն Մկրտչյանն ու հավելում, որ այդ մարդիկ պետք է պատժվեն:

Առավել մանրամասն՝ ռեպորտաժում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ