Երեկ ուկրաինական պատերազմի երրորդ տարելիցն էր, նաև տեղի է ունեցել ռուս-ամերիկայն բանակցությունների առաջին հանդիպումը։
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի հետ։ Նա նշեց, որ այս պահին կանխատեսումներ չեն կարող անել նույնիսկ այդ գործարքի մասնակիցները։
«Ես բնութագրում եմ իրավիճակը հետևյալ կերպ. գնում է առևտուր, որտեղ բոլորը առևտուր են անում բոլորի հետ և փորձում են պայմանավորվածությունների գալ բոլորի հաշվին։ Այսինքն՝ գնում է առևտուր Ռուսաստան-ԱՄՆ, գնում է առևտուր՝ ԱՄՆ-Եվրոպա, գնում է առևտուր՝ ԱՄՆ-Ուկրաինա։ Այդ բոլոր գործընթացների ջատագովը Դոնալդ Թրամփն է։ Դա ակնհայտ է։ Հիմա պետք է սպասենք և հասկանանք, թե ով ում հետ այդ առևտրում կհասնի որոշակի արդյունքների և դա արդեն կտեսնենք կոնկրետ պայմանավորվածությունների տեսքով»,- ասաց քաղաքագետը։
Թրամփը կարծես փորձում է Ուկրաինային դարձնել զիջող կողմ, սակայն Ուկրաինայի նախագահ Զելենսկին դիմադրում է: Հարցին՝ կհաջողվի՞ Ուկրաինայի նախագահին չընկրկել և այս հակամարտությունը հանգուցալուծել հօգուտ Ուկրաինայի, քաղաքագետն ասաց. «Դա միանշանակ է, ոչ թե փորձում է, այլ դա քաղաքականություն է և պայմանավորված է նրանով, որ Զելենսկին ամենաթույլ կողմն է այս առևտրի մեջ: Նրանից պահանջվում է տալ ուկրաինական ընդերքն ԱՄՆ-ին՝ որպես փրկագին, որպեսզի ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ գործարքում հաշվի առնի նաև Ուկրաինայի շահերը»,- նշեց քաղաքագետը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Fox News հեռուստաալիքին հայտնել է, որ 30 երկիր պատրաստ է մասնակցել Ուկրաինայի անվտանգության ապահովմանը։ Այս առնչությամբ Դավիթ Ստեփանյանն ասաց, որ սա խոսում է այն մասին, որ Եվրոպայում կա ընդհանուր մոտեցում՝ կապված անվտանգային խնդիրների հետ, այդ մոտեցումը դեռ լիարժեք չէ, նրանք դեռ չեն հասել ընդհանուր հայտարարի հիմնական հարցում՝ արդյոք ԵՄ-ն պատրա՞ստ է ապահովել սեփական անվտանգությունը, իսկ այս պահին Ուկրաինայի անվտանգությունը ապահովելը Եվրոպայի համար նշանակում է ապահովել սեփական անվտանգությունը։
Մանրամասն՝ տեսանյութում