ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի փոփոխության նախագիծը

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել և ընդունվել է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի փոփոխության նախագիծը:

Այն ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ առաջին ընթերցումից հետո փոփոխություններ չեն իրականացվել:

Հիշեցնենք՝ օրենքի նախագծով առաջարկվում է հստակեցնել նախադպրոցական կրթության ոլորտի մի շարք կարգավորումներ: Մասնավորապես՝ առաջարկվում է օրենքում սահմանել «մենթոր մանկապարտեզ» հասկացությունը, որը մենթոր ուսումնական հաստատություններին և մենթորություն կատարող մասնագետներին վերապատրաստման աշխատանքներ իրականացնելու հնարավորություն կտա նախադպրոցական կրթության չափորոշչի ներդրման նպատակով:

Առաջարկվող այլ փոփոխությունները վերաբերում են լիցենզավորման գործընթացին, մանկավարժական աշխատողների թափուր տեղերի լրացմանը, մանկավարժների օգնականների վերապատրաստմանը, տրանսպորտային ծախսերի փոխհատուցմանը:

Նախագծով առաջարկվող մյուս փոփոխությունը վերաբերում է մանկապարտեզների տնօրեններին ներկայացվող պահանջներին. գործող կարգավորմամբ նրանք պետք է ունենան մանկավարժական ստաժ, առաջարկվում է սահմանել մանկավարժական կամ գիտամանկավարժական ստաժի պահանջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ