Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Տելեգրամ»-ի իր ալիքում անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Սպիտակ տուն այցին ու Թրամփի հետ միասին Մեծ Յոթնյակի օնլայն գագաթնաժողովին մասնակցությանը:
«Մեծ Յոթնյակի օնլայն գագաթնաժողովին Ֆրանսիայի նախագահը մասնակցում է Թրամփի աշխատասենյակից, այն էլ տեղ ստանալով սեղանի ծայրին, ինչպես փոխնախագահ Վենսը:
Աշխատասենյակում չկա ֆրանսիական դրոշ: Չկա երկու երկրի նախագահի մասնակցությանը բնորոշ արարողակարգային դասավորություն: Դա ակնհայտ անպատշաճություն է Մակրոնի հանդեպ:
Դա, իհարկե, վկայում է բարդ հարաբերությունների մասին, թե նրա եւ Թրամպի միջեւ, թե Եվրոպայի իմաստով: Երկրպագուների համար այս անդրադարձս ընկալվելու է իբրեւ չարախնդություն:
Դե, զարմանալի չէ, կլինեն նաեւ այդպիսի ընկալումներ, որովհետեւ մեզանում քաղաքականությանը ֆուտբոլային խաղի տրամաբանությամբ մոտենալը զարմանալի չէ: Բայց, այստեղ խնդիրը բացարձակապես չարախնդալը չէ:
Այս դրվագները պետք է լինեն դիտարկման արժանի այնպես, ինչպես քաղաքական անցուդարձի բովանդակությունը, որովհետեւ այս դրվագները եւս ի ցույց են դնում շատ բան:
Իսկ այդ ամենը մեզ անհրաժեշտ է մեր շուրջ գոյություն ունեցող աշխարհն ու դրանում ծավալվողի զարգացման միտումներն ու տրամաբանությունը հնարավորինս ամբողջական դիտարկելու եւ հասկանալու համար»,- գրել է Բադալյանը: