Ռուս-ուկրաինական պատերազմի հնարավոր ելքի և Ուկրաինայի նախագահին, այսպես ասած, «անկյուն քշելու», նրան «բռնապետ» որակելու, հրաժարականի պահանջ առաջադրելու՝ ԱՄՆ նախագահ Թրամփի և նրա վարչակազմի վարքագիծը ոգևորել է ՀՀ ռադիկալ ընդդիմության ներկայացուցիչներին և նրանց հույս ներշնչել, որ Վլադիմիր Զելենսկու ճակատագիրը վճռելուց հետո հերթը հասնելու է նաև ՀՀ վարչապետ Փաշինյանին։ Այդ նպատակով էլ օտարի «տառապանքի փորձի» վրա հույս դրած ընդդիմադիրները սկսել են ՀՀ վարչապետ Փաշինյանին և Զելենսկուն նույնացնելու քարոզչական ագրեսիվ արշավ։ Այդ արշավին լրացուցիչ խթան է հաղորդում ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու վերաբերյալ համապատասխան օրենքի նախագծին Կառավարության կողմից տրված հավանությունն ու ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունելը։
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը նույնպես միացել է «Փաշինյանի զելենսկիացում» քարոզչական օպերացիային և ՀՀ վարչապետին ու Ուկրաինայի նախագահին անվանել «երկու ձախողված առաջնորդներ», ՀՀ-ն և Ուկրաինան էլ որակել «Ռուսաստանի թուլացման և զսպման Արևմուտքի ավելի լայն աշխարհաքաղաքական ռազմավարության գործիքներ»։
Մեղրին Ղարաբաղով փոխանակելու շուրջ Ալիևի հետ բանակցած Ռոբերտ Քոչարյանի նախկին ենթական, որը, նկատենք, վերջին շրջանում իր ստատուսներում հետևողականորեն գեներացնում է Նիկոլ Փաշինյանի շուտափույթ հրաժարականի թեման (երևի հայտնի կենտրոնից ազդակներ է ստացել ու ավանսով իրեն կարգել ՀՀ-ի անունից թիվ մեկ բանակցող) ֆեյսբուքյան գրառման մեջ մասնավորապես գրել է. «Այս երկու մարդու կառավարումը կործանարար է եղել իրենց երկրների համար, և նրանք այդպես էլ ռազմավարական խոհեմություն չեն ցուցաբերել իրենց երկրները ավերիչ ցնցումներից զերծ պահելու կամ հանելու հարցում։ Ուկրաինայի անխուսափելի բանակցությունները Ռուսաստանի հետ՝ ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի հարաբերությունները Ադրբեջանի հետ, պահանջում են առաջնորդներ, որոնք չեն ունենա անցյալի սխալ հաշվարկների, կորուստների և նվաստացումների բեռը։ Առանցքային է գործնական դիվանագիտությո՛ւնը և ոչ թե ձախողված քաղաքականության շարունակությունը, որը պայմանավորված է քաղաքական գոյատևմամբ»։ Եթե այս ամենն ասեր մեկը, որը քաղաքականության մեջ իր «խոսքը դեռ չի ասել» ու չի մկրտվել որպես «տխրահռչակ դիվանագետ», գուցե հանրության մոտ դառը վերհուշ չառաջացներ։ Բայց այսքանն ասում է մեկը, որի նախարար եղած ժամանակաշրջանը ասոցացվում է հայկական դիվանագիտության ձախողումների՝ «սխալ հաշվարկների» ու «նվաստացումների» հետ։ Սա այն նախարարն է, հիշեցնենք, որի օրոք բանակցվել է կարգավորման «Ընդհանուր պետության» առաջարկը՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում՝ ձևական ինքնավարություն, սահմանափակ իրավունքներ, այն դեպքում, երբ ԼՂ-ն արդեն իսկ՝ հանրաքվեով ինքնորոշված սուբյեկտ էր։ Ինքնորոշված ԼՂ-ի՝ Ադրբեջանի կազմում «Ընդհանուր պետության» կարգավիճակի շուրջ բանակցելն ի՞նչ էր՝ դիվանագիտական նվաստացո՞ւմ, թե՞ ավելի ամոթալի բան։ Սա այն նախարարն է, որի օրոք ԼՂ-ի սուբյեկտայնությունն է նվաստացվել՝ վերջինիս բանակցային սեղանից դուրս թողնելու աստիճան։ Սա այն նախարարն է, որի օրոք ՀՀ ինքնիշխանության նվաստացման, սակարկման արդյունքում Ղարաբաղի «փոխանակման» հարցն էր քննարկվում, այդ քննարկումներն էլ երևի Օսկանյանի և ՀՀ նախագահի պաշտոնն զբաղեցնող անձի չափազանց «ճիշգրիտ ու հեռահար» հաշվարկների արդյունքում է, որ ի դերև ելան՝ արժանանալով Հեյդար Ալիևի «երեք մատի կոմբինացիային»։
Սա այն նախարարն է, որի օրոք բանակցված ու Սերժ Սարգսյանին ժառանգված «Մադրիդյան սկզբունքներով», իր «բոսի»՝ օրերս գործածած տերմինով՝ «ամուսնացել» են «տարածքային ամբողջականության» և «ինքնորոշման իրավունքի» սկզբունքները, այսինքն՝ զրոյացվել են ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի 1991-ի հանրաքվեն, արձանագրվել, որ արդեն իսկ տեղի ունեցած ինքնորոշումը «օյին չի», պետք է «ջնջենք, թազուց սկսենք»։ Հիշեցնենք՝ Քոչարյանը նախորդ շաբաթ տված ասուլիսում խրոխտ հայտարարեց. «Ընդհանուր պետության առաջարկը հետևյալն էր՝ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը համատեղ պետություն են ստեղծում՝ որոշակի ասիմետրիկ կոնֆեդերացիայի ձևով։ Բայց միշտ փորձը եղել է ամուսնացնել այս երկու սկզբունքը։ Եվ հանկարծ Վաշինգտոնում Ալիևն ինձ ասաց, թե եկեք իրարից անջատվենք…»։ Փաստորեն, 2007-ին Քոչարյան-Օսկանյան զույգի փայլուն դիվանագիտության արդյունքում ԼՂ բանակցային տրամաբանությունը նորից վերադարձավ երկու սկզբունքների՝ «տարածքային ամբողջականության» և «ինքնորոշման իրավունքի» «ամուսնության» տրամաբանությանը, որտեղ փեսան՝ գերիշխողը «տարածքային ամբողջականությունն» էր, խոնարհ ու հնազանդ «հարսն» էլ ինքնորոշման իրավունքը։
Ի դեպ, 2017-ին, երբ «Մադրիդյան սկզբունքների» հայր (մկրտիչը Լևոն Տեր-Պետրոսյանն է) մկրտված Օսկանյանը ՕՐՕ անունով դաշինք էր ստեղծել ու մտադիր էր խորհրդարան մտնել, նախընտրական շրջանում տված (ի դեպ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, այն ժամանակ Հ1-ի հաղորդավար Ագնեսա Խամոյանին) հարցազրույցում հայտարարում էր, թե եթե ինքը գա իշխանության, հրաշք է գործելու։ Իսկ այդ հրաշքը, ուշադրություն, լինելու է աշխարհին արդեն իսկ «ինքնորոշված ԼՂ-ի» անկախությունը ճանաչել տալը։ «Ես 98 թվականին երբ որ նախարար նշանակվեցի, միջազգային հանրությունը խոսում էր միայն ու միայն Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի կազմում։ Ուրիշ բան չէին ուզում լսել։ Էն օրերին ես ասեցի՝ չէ, կարելի է սա ջարդել՝ էս մտածողությունը, և հասնել իրավունքի ամրագրմանը։ Ես սա խոստացել ու արել եմ։ Հիմա էլ եմ խոստանում, կամերային նայելով ասում եմ՝ ես տեսնում եմ իսկապես հնարավորություն ինքնորոշման ճանաչման իրավունքից անցնել արդեն 25 տարի ինքնորոշված լինելու փաստի ճանաչմանը։ Դա դիվանագիտության միջոցով»,- հայտարարում էր Օսկանյանը։ Փաստորեն, 2006-2007-ին «Մադրիդյան փաստաթղթում», զրոյացնելով 15 տարի առաջ տեղի ունեցած ինքնորոշման ակտը՝ անկախության հանրաքվեն, և բանակցային «աջաբսանդալ» ժառանգելով իրենից հետո եկող բանակցողներին՝ 2017-ին արդեն «ուշքի» էր եկել ու ձևավորված բանակցային «ստատուս քվոյին» և կարգավորման պլանի քայլերի հաջորդականությանն ու տրամաբանությանը դեմ գնալով իր իմացած դիվանագիտությամբ «հետողորմեա» էր անելու 1991-ի անկախության ակտը՝ այն աշխարհի կողմից ճանաչել տալով։ Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Օսկանյան գործչի լրջության, ադեկվատության մասին։ Եվ այսպիսի լրջության գործիչը խոսում է «սխալ հաշվարկների», ձախողված առաջնորդության մասին՝ հավակնելով նորից իշխանություն վերցնել ու իր օրոք բանեցված տխրահռչակ, իր խոսքով՝ «գործնական» դիվանագիտությամբ շարունակել կիսատ թողած գործը։ Այս անգամ արդեն՝ ՀՀ-ի սուվերենության և անկախության զրոյացումը։
Հ. Մ.