«Ես կռվել եմ, կռվում եմ, կռվելու եմ գաղափարի համար, նպատակի համար, և իմ նպատակի ճանապարհին ոչ ոք ինձ լռեցնել չի կարող, հանգիստ եղեք»:
Այսպիսին էր Վազգեն Սարգսյան մարդը, քաղաքական գործիչն ու սպարապետը. հզոր, խրոխտ ու անկոտրում, որին թեև փորձեցին լռեցնել, սակայն նրա մահն անգամ այնքան աղմկոտ էր, որ մինչև օրս չի լռում:
Մարտի 5-ից մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմը, որը պատմում է Ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի կյանքի մասին՝ հիմնված իրական փաստերի վրա։
Սյուժեի առանցքում Վազգեն մարդն է, որդին, զգայուն հորեղբայրը, տաղանդավոր գրողը, սիրող տղամարդը, ռազմական և պետական գործիչը։
Գլխավոր պրոդյուսերը և մտահղացման հեղինակը Նոնո Սարգսյանն է՝ Վազգենի եղբոր դուստրը, որը մինչև օրս չի համակերպվել հորեղբոր կորստի հետ: Ասում է, որ սպարապետի մասին ֆիլմ նկարահանելը եղել է իր տարիների երազանքը, որից հետո միայն կկարողանա լիարժեք շնչել, ապրել:
Նոնոն «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անկեղծանում է՝ ֆիլմի նկարահանման ամբողջ գործընթացը շատ ծանր ու զգայական է եղել թե՛ իր, թե՛ ամբողջ թիմի համար: Նրա խոսքով՝ հատկապես ծանր է տրվել ֆիլմի ավարտը, քանի որ հասուն տարիքում հորեղբորը հանդիպելուց հետո ստիպված է եղել նորից կորցնել նրան, բաց թողնել:
Կռիվ ունի կյանքի ու անարդարության դեմ, ասում է նա, ոչ միայն հորեղբոր հետ կապված, այլ պատերազմի խլած՝ յուրաքանչյուր երիտասարդի համար: Իսկ կռվելու իր մեթոդը արվեստն է:
Ֆիլմում սպարապետ Վազգեն Սարգսյանի դերում վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանն է։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա ասում է՝ շա՛տ ընդհանրություններ է գտել Վազգեն Սարգսյանի հետ՝ պատանեկության տարիներից սկսած:
Խորեն Լևոնյանը խոստովանում է՝ շատ մեծ դժվարություններ է ունեցել դերը կերտելիս, որովհետև շատ դեպքերի ու դրվագների հետ չի կարողացել համակերպվել:
Արտիստը նկատում է՝ մենք երբեք չենք գնահատում մեր ունեցածը՝ մինչև չենք կորցնում. սա ֆիլմ է կորցրած մեծ մարդու մասին:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: