Փետրվարի 20-ին Վիեննայում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի խորհրդարանականները։
Հանդիպման մասին սոցիալական ցանցերի իր էջում հայտնել է հայաստանյան պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը։ Նրա խոսքով՝ քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր: Երկկողմ կարևորվել է տարածաշրջանի ճանապարհների և այլ ենթակառուցվածքների շուտափույթ ապաշրջափակումը և տնտեսական հարաբերությունների զարգացումը:
Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Նկատենք՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է 2022 թվականի սկզբին։ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել էր հունվարի 14-ին Մոսկվայում։ Նրանց վերջին հանդիպումը եղել է 2024 թվականի ամռանը։
«Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյան «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ կարևոր է խորհրդարանական դիվանագիտությամբ այնպիսի հարցերի քննարկումը, որոնց շուրջ հայաստանյան պատվիրակության անդամները քննարկում են ունեցել թուրք գործընկերների հետ, օրինակ՝ ճանապարհների ապաշրջափակման հարցը։
Քաղաքական գործիչը ևս մեկ անգամ արտահայտում է այն համոզմունքը, որ այն ճանապարհը, որը լինելու է, պետք է անցնի Հայաստանի տարածքով՝ նրա ինքնիշխանության և իրավազորության ներքո. երկրորդ կարծիք չի կարող լինել:
Ինչ վերաբերում է նմանատիպ հանդիպումների վերաբերյալ իշխանության ընդդիմախոսների քննադատություններին, ապա, ըստ Բաբաջանյանի, դրանք խոսում են միջազգային քաղաքականության վերաբերյալ մակերեսային պատկերացումների մասին։
Առավել մանրամասն՝ ռեպորտաժում: