Հայ բեմարվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և ակտիվ գործունեության համար, ինչպես նաև ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետա Բաբայանը պարգևատրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով:
Այս մասին հայտնում են նախարարությունից:
Մեդալը հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
Շնորհավորելով դերասանուհուն հոբելյանի կապակցությամբ և կարևորելով նրա բեղուն կենսագործունեությունը՝ Դանիել Դանիելյանը նշել է. «Ձեր ողջ գործունեության ընթացքում Դուք կերտել եք հայ կնոջ և դերասանուհու լավագույն կերպարը: Դուք կամքի, համառության և թատրոնի աշխարհն անձնվիրաբար սիրելու վառ օրինակ եք նաև այսօրվա երիտասարդների համար»,- նշել է նախարարի տեղակալը` պարգևը հանձնելով դերասանուհուն:
«Շուրջ 60 տարի է՝ ես թատրոնում եմ՝ որպես անդավաճան սունդուկյանցի: Ամեն ինչ տեսել եմ, ամեն ինչ զգացել եմ և վստահաբար կարող եմ ասել՝ թատրոնը մի վայր է, որտեղ մտնելիս այլևս հնարավոր չէ դուրս գալ»,- ասել է Ջուլիետա Բաբայանը՝ շնորհակալություն է հայտնելով գնահատանքի և շնորհավորանքների համար:
Ավելի վաղ հոբելյանական 80-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետա Բաբայանին ուղերձ էր հղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: