Ստյոպա Սաֆարյանը գրում է.
Հիշեցնենք, որ 2008թ․ փետրվարի 17-ին Ռոբերտ Քոչարյանն անձամբ, 4 հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հերքել է «Մեղրիի տարբերակի» գոյությունը՝ դա հիմնավորելով, որ «Հայկական հողերը հայկական հողերի հետ ես չեմ փոխում: Իմ օրոք մեկ քառակուսի մետր հող մենք չենք կորցրել»,-բառացի հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։
Ավելի պարզեցնենք․ նա ասել է՝ քանի որ իր «անբեկանելի սկզբունքն» է եղել, որ հայկական մի հողը չի կարելի փոխանակել մեկ այլ հայկական հողի հետ, հետևաբար Մեղրիի տարբերակ չէր կարող գոյություն ունենալ․․․ Ուշադրություն դարձրեք՝ նա փորձել է սիլոգիզմով «ապացուցել», այլ ոչ թե փաստացի հերքել, որ այդպիսի տարբերակ եղել է։ Տեղ թողնելով այնպիսի կարծիքների համար, որ իբր՝ զրույցներ կարող էին լինել, քանի որ Հեյդար Ալիևը նման գաղափար ու ցանկություն ուներ, բայց ես՝ սկզբունքային հայրենասերս, դրան չէի կարող համաձայնել իմ դավանած սկզբունքի պատճառով․․․․
Այդ դեպքում 1999թ․ հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստում ի՞նչ էր քննարկվում ու քվեարկվում, որին դեմ էին քվեարկել միայն Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը․․․ Իհարկե, Մեղրիի տարբերակը․․․ Ահա, այստեղ էլ գալիս է երկրորդ պնդման հարցը՝ «Իմ օրոք մեկ քառակուսի մետր հող մենք չենք կորցրել», թերևս հաստատելով, որ այն, ինչին ինքը համաձայնել է ու պետք է ստորագրվեր Ստամբուլում՝ ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ, կանխել են Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը ու նրանց սպանությունը 1999թ․ հոկտեմբերի 27-ին։ Այո, այստեղ էլ ձևակերպումը անթերի է՝ նա չի ասում, ես մեկ քառակուսի մետր հող չեմ հանձնել, նա ասում է՝ «Իմ օրոք մեկ քառակուսի մետր հող մենք չենք կորցրել»․․․ Ու դա ոչ ամենևին իր շնորհիվ․․
ԱՄՆ բանագնացների գաղտնի զեկուցագրերը բացահայտեցին կեղծիքը, նշելով, որ Հեյդար Ալիև-Ռոբերտ Քոչարյան տևական բանակցությունների արդյունքում 1999թ․ սեղանի վրա եղել է աշխատանքային փաստաթուղթ, որը նախատեսել է հայկական հողը մեկ այլ հայկական հողի հետ փոխանակելու գաղափարը։ ԵԱՀԿ Ստամբուլյան փաստաթուղթն էլ մանրամասն նկարագրում է, որ Մեղրի տարբերակը մշակվել է Քոչարյա-Ալիև երկկողմ տևական հանդիպումներում և պետք է այն բերել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատ․․․
Ահա և ամբողջը, որը փորձում է հեռուստատաղավարներում կեղծել Քոչարյանի որդին․․․
Սակայն, փաստերն անողոք են, բազմամյա սուտը և ի հայտ բերված ճմարտությունը՝ մերկ․․․