Ազգային անվտանգության ռազմավարության (ԱԱՌ) վերանայման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշմամբ տրված մեկնարկը (ձևավորվել է միջգերատեսչական հանձնաժողով) առիթ է վերհիշելու ՀՀ ԱԱ նախկին ռազմավարությունները, որոնք, ի դեպ, աշխարհաքաղաքական այդ ժամանակաշրջանի իրողությունների և դրանց համատեքստում ՀՀ-ում առկա իրավիճակի, արտաքին և ներքին սպառնալիքների, առաջնահերթությունների, նպատակադրումների արտացոլումն են։ ՀՀ ազգային անվտանգության վերջին ընդունված ռազմավարությունը թվագրված է 2020 թվականով (հուլիս), այսինքն՝ մշակվել է հետհեղափոխական Հայաստանում և այդ օրվա «ստատուս քվոյի» պայմաններում։ Երկու ամիս անց, նկատենք, տեղի ունեցավ 44-օրյա պատերազմն իր հայտնի ելքով և հետպատերազմական զարգացումներով՝ ընդհուպ մինչև ԼՂՀ կորուստ, տեղի բնակչության բռնի տեղահանություն։ Անցած մի քանի տարիների ընթացքում, անշուշտ, տեղի են ունեցել գեոպոլիտիկ մի շարք փոփոխություններ, բովանդակային փոփոխությունների են ենթարկվել նաև ՀՀ-դաշնակից, գործընկեր պետություններ հարաբերությունները։ 4,5 տարի առաջ ընդունված փաստաթուղթը, հետևապես, կորցրել է իր արդիականությունն ու վերանայման, վերախմբագրման անհրաժեշտության առաջ կանգնել։
Խոսելով 2020-ի ԱԱՌ-ի մասին՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե ՀՀ իշխանությունն ուշացել է նոր ռազմավարության ընդունման հարցում՝ մանրամասնելով. «Ո՞ր թիվն է հիմա, 25 թիվ, չէ՞, 2020 թվականից 5 տարի է անցել, 5 տարի մատը մատներին չեն խփել, բազմաթիվ անգամ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ես անձամբ եմ այդ հարցը տվել, 5 տարի հետո նոր եկել են այն եզրակացության, որ պետք է մշակեն ԱԱՌ»։ Ճշտմանը՝ ի՞նչն է խնդիրը, որ հիմա են որոշել մշակել, ուշացրե՞լ են՝ Օհանյանը նկատում է. «Իհարկե ուշացրել են, որովհետև 44-օրյա պատերազմը իր արդյունքներով բերել է մի նոր իրողության, աշխարհաքաղաքական զարգացումները և տարածաշրջանային իրադարձությունները հիմք պետք է հանդիսանային անվտանգության միջավայրի գնահատման և էն բոլոր սպառնալիքների, մարտահրավերների, որոնք թե ներքին, թե արտաքին հարթակում ազդում են մեր անվտանգության վրա, և այդ աշխատանքը պետք է ձևավորվեր շուտվանից»։
Նշենք, որ մասնավորապես 2024 թ. սեպտեմբերի 11-ին ԱԺ-ում, ի պատասխան Օհանյանի հարցի՝ ի՞նչ հիմնարար փաստաթղթերով են ամրագրվում ՀՀ առաջնահերթությունները, ի՞նչ գործողություններ են իրականացվում մեր երկրի համար կարևոր ռազմավարական փաստաթղթեր մշակելու համար, ՀՀ վարչապետը մասնավորապես արձագանքեց. «Ազգային անվտանգության խորհրդում և ընդլայնված կազմով տեղի են ունենում շատ լուրջ ռազմավարական հարցերի քննարկումներ, ռազմավարական որոշումներ, որոնք նաև սահմանված կարգով արձանագրվում են, և կան նաև ինստիտուտներ, որոնք այդ ուղղությամբ աշխատում են։ Ես ձեզ ասել եմ, որ մենք աշխատում ենք ԱԱՌ վրա։ Իմ նախորդ փորձը ցույց է տվել, և ես համարում եմ, որ դա շատ մեծ բացթողում եմ համարում. ԱԱՌ-ի բովանդակությունը պետք է ձևավորվի, և նոր ինստիտուտների միջին օղակի աշխատողները այն պետք է դնեն թղթի վրա և ոչ թե՝ հակառակը։ Եվ հիմա դա տեղի է ունենում։ Դա տեղի է ունենում էնքան ինտենսիվ և, շատ կարևոր է՝ ոչ հրապարակային։ Մենք այսօր ազգային անվտանգության ֆորմատների ամենատարբեր քննարկումներ ունենք, որոնք մենք չենք էլ լուսաբանում, քանի որ այդքան հաճախակի լուսաբանելը թուղթ արտադրելու պրոցես է։ Չգիտեմ ինչպես ճիշտ ձևակերպել՝ այնքան խորն է այդ աշխտանքն արվում, որ դուք չեք պատկերացնում, թե՞ ասեմ՝ մի անհանգստացեք, այդ աշխատանքը շատ խորությամբ է արվում։ Համենայնդեպս, ես երկու պատասխանն էլ դնում եմ սեղանին, դուք որն ուզում եք, դա էլ ընտրեք»։
Հարկ է նկատել, որ Ազգային անվտանգության ռազմավարություն (նախքան 2018-ի հեղափոխությունը) մեկ էլ ընդունվել է հեռավոր 2007 թվականին, Ռոբերտ Քոչարյանի օրոք (այդ փաստաթուղթը, ի դեպ, arlis.am-ում հրապարակված է ուղղումներով): Սեյրան Օհանյանը երկար և ձիգ 8 տարի եղել է պաշտպանության նախարար, իսկ 2007-ն այն տարեթիվն է, երբ Օհանյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ Հարց է ծագում՝ մինչև 2016 թվականը՝ իր պաշտոնանկությունը, Սեյրան Օհանյանը երբևէ Սերժ Սարգսյանի առաջ բարձրացրե՞լ է Քոչարյանի օրոք ընդունված փաստաթղթի այժմեականության, այն վերանայելու ու ՀՀ-ին ու ԼՂՀ-ին սպառնացող արտաքին վտանգներին ներդաշնակեցնելու հարցը։ Թե՞ պաշտպանության նախարարի պաշտոնը փակել էր նրա աչքերն ու բերանը՝ ստիպելով ուշադրությունը կենտրոնացնել ոչ թե արտաքին սպառնալիքների, ինչ-որ դատարկ թղթերի՝ ռազմավարությունների վերանայման, մոդեռնիզացման, այլ՝ բացառապես սեփական բարեկեցությունը հոգալու, գույք դիզելու վրա, որի օրինականությունը, չմոռանանք հիշեցնել, վիճարկվում է Հակակոռուպցիոն դատարանում։ 2016 թվականի ապրիլյան պատերազմը այդ օրերին ուժի մեջ եղած ԱԱ ռազմավարության անպիտանության աղաղակող վկայությունն է, ռազմավարություն, որը հոգացել է ոչ թե ՀՀ և ԼՂՀ-ի անվտանգությունը, այլ իր ժամկետանց լինելու հետևանքով դարձել անվտանգության սպառնալիք։ Այո, ճիշտ է պարոն Օհանյանը, երբ բարձրացնում է ժամանակի պահանջներին համահունչ ռազմավարական փաստաթղթեր ունենալու հարցը, քանի որ դրանք, ճիշտ այնպես, ինչպես, ասենք, սնունդը կամ, ասենք, գլխացավի դեղը, ունեն իրենց պիտանիության ժամկետը՝ երբ սպառվում է, կարող են ճակատագրական, անդառնալի վնաս հասցնել օրգանիզմին։
Արդ, աչքի անցկացնենք 2007-ին ընդունված ԱԱՌ-ի կետերից մի քանիսը։ Սկսենք արտաքին սպառնալիքների թվարկումից։ Ըստ այդմ՝ արտաքին սպառնալիք են համարվել մասնավորապես Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի աջակցությամբ, ռազմական ուժի կիրառումը ՀՀ և ԼՂՀ նկատմամբ, սահմանամերձ պետությունների տարանցիկ ուղիների խափանումը, ռազմավարական դաշինքների թուլացումը կամ ոչ բավարար ներգրավվածությունը դրանց, էներգետիկ կախվածությունը, Հայաստանի մեկուսացումը տարածաշրջանային ծրագրերից… «Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանդեպ զինված ուժի կիրառման բացահայտ պառնալիքներ են հնչում Ադրբեջանի Հանրապետության կողմից: Թեև առկա են այդպիսի զարգացումը կանխող բազմաթիվ գործոններ, այնուամենայնիվ ամենաբարձր մակարդակով հնչող բացահայտ ռազմաշունչ հայտարարությունները հիմք են տալիս դրանք համարելու անմիջական սպառնալիքներ: Այդպիսի զարգացման պարագայում Թուրքիայի Հանրապետությունը, լինելով Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցը, նույնպես կարող է նման սպառնալիք ստեղծել: Հայաստանի Հանրապետությունը, հենվելով միջազգային իրավունքի հանրահայտ նորմերի վրա, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շրջափակումը դիտարկում է որպես իր դեմ ուժի կիրառում»,- մասնավորապես նշված է փաստաթղթում։
Ներքին սպառնալիքների թվում էլ նշված են մասնավորապես պետական կառավարման համակարգի արդյունավետության նվազումը, դատաիրավական համակարգի նկատմամբ վստահության պակասը, քաղաքական համակարգի անկատարությունը, ժողովրդավարության արմատավորման ոչ բավարար մակարդակը, հասարակության բևեռացումը, ժողովրդագրական բացասական միտումները, ենթակառուցվածքների ցանցի ոչ բավարար մակարդակը… Թերևս կհամաձայնեք, որ Սերժ Սարգսյանի՝ պաշտոնից հեռանալու պահին՝ 2018-ի ապրիլի դրությամբ, վերոհիշյալ սպառնալիքները ոչ միայն չէին վերացել, այլև նույնիսկ խորացել էին, եթե չասենք՝ հասել կրիտիկական վիճակի, ինչն էլ անխուսափելի դարձրեց իշխանափոխությունը։
2020-ին ընդունված ԱԱՌ-ում էլ, նկատենք, առանձին բաժին է հատկացվել ԼՂՀ-ին, ԼՂ խնդրի կարգավորմանը։
Եվ սա այն դեպքում, երբ 2018-ին իշխանության եկած ուժի և մասնավորապես Նիկոլ Փաշինյանի մասին ամենօրյա, ագրեսիվ քարոզչություն էր իրականացվում. վերջինս, ինչպես գիտենք, մեղադրվում էր «Սորոսի ծրագրով իշխանության գալու ու հողերը հանձնելու» մեջ։ «Հայաստանն անհրաժեշտ է համարում հակամարտության բոլոր կողմերի միջև անվտանգության և վստահության կառուցման միջոցներով խաղաղության համար բարենպաստ միջավայրի ստեղծումը: Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ջանքերը պետք է գործադրվեն հակամարտության բոլոր կողմերում հավասարապես: …Մենք շարունակելու ենք սատար կանգնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը առանց սահմանափակման և հարկադրանքի: Հակամարտության կարգավորման գործընթացում և հետկարգավորման փուլում արցախահայության անվտանգության ապահովումը գերակա պայման է և ենթակա չէ զիջման: Արցախը պետք է ունենա անվտանգության համար անհրաժեշտ պաշտպանական գծեր և արտաքին աշխարհի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության հետ ապահով, անվտանգ և բազմազանեցված փոխկապակցվածության համակարգ»,-մասնավորապես նշված է փաստաթղթում։ Այսօր, երբ 2023-ի ռուս-ադրբեջանական համատեղ օպերացիայի հետևանքով ԼՂՀ-ն անցել է Ադրբեջանին, բնականաբար, այլևս ժամանակավրեպ են 2020-ի ԱԱՌ-ում առկա այսօրինակ ձևակերպումները։
Փաստաթղթի՝ միջազգային ռազմաքաղաքական համագործակցությանն առնչվող «բլոկում» տեղ գտած ձևակերպումները նույնպես չեն համապատասխանում ՀՀ ներկայիս քաղաքականությանը։ Մասնավորապես ՀԱՊԿ-ի հետ կապված կետում նշված է. «Հայաստանն ակտիվորեն մասնակցում է ՀԱՊԿ շրջանակում իրականացվող համատեղ նախաձեռնություններին՝ ի նպաստ անդամ պետությունների կողմից միմյանց շահերի արդյունավետ պաշտպանության և կառույցի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման: Հայաստանը կշարունակի աշխատել ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից միմյանց հանդեպ դաշնակցային պարտավորությունների կատարումը երաշխավորելու և կազմակերպության արդյունավետությունն առավել բարձրացնելու ուղղությամբ»: Ինչպես հայտնի է՝ ՀՀ-ն սառեցրել է իր անդամությունը ՀԱՊԿ-ում։
2020-ի ԱԱՌ-ի հաջորդ կետն էլ վերաբերում է ՀՀ-ՌԴ գործակցությանը, ՀՀ-ՌԴ հարաբերությունների խորացումը դիտարկվում է որպես արտաքին քաղաքական առաջնահերթություն։ «Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական առաջնահերթություններից է Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների կայուն խորացումն ու ընդլայնումը քաղաքական, առևտրատնտեսական, պաշտպանական, անվտանգային և մշակութահումանիտար ոլորտներում»։ «Հայաստանը կշարունակի զարգացնել պաշտպանության և անվտանգության ոլորտներում Ռուսաստանի Դաշնության հետ ռազմաքաղաքական, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով, այդ թվում՝ հավաքական պաշտպանության կարողությունների ընդլայնման և դաշնակցային հարաբերությունների շարունակական ամրապնդման ուղղությամբ»։ ՀՀ-ՌԴ հարաբերությունների՝ վերջին առնվազն երկու տարիների որակը հուշում է, որ ռազմավարական փաստաթղթում այսպիսի ձևակերպումը ներդաշնակ չէ առկա իրողություններին։ Նշենք, որ 2024 թ. սեպտեմբերին Համաշխարհային հայկական 2-րդ գագաթնաժողովի պանելային քննարկման ժամանակ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նկատեց՝ եթե նախկինում ՌԴ-ի հետ մենք 96 տոկոսից ավելի ռազմատեխնիկական համագործակցություն ենք ունեցել, ապա այսօր այդ թիվը 10 տոկոսից էլ ցածր է։ Արմեն Գրիգորյանը նաև հայտնել էր, որ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում ՀՀ-ն ունի նոր գործընկերներ՝ Հնդկաստանը, Ֆրանսիան, փնտրում է նոր գործընկերներ՝ այդ ուղղությամբ տարվող աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու համար։ ԱԱ գործող ռազմավարության տեքստի «Միջազգային փոխգործակցության, անվտանգության և խաղաղության խթանում» բլոկում, սակայն, Ֆրանսիան և Հնդկաստանը, որպես այդ ոլորտում գործընկերներ, հիշատակված չեն։
Հ. Մանուկյան