Գյումրիում 180 վերանորոգված փողոց կա, որից 143-ը ասֆալտապատվել է 2018-ից հետո։ Միայն այս վիճակագրությունը փաստում է՝ մինչ 2018-ը Գյումրին բոլոր առումներով եղել է անտեսված, մնացել է փակ դռների ետևում՝ առանց զարգացման ակնկալիքի:
Այս մասին «Ֆեյսբուք» իր էջում գրել է Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը՝ շարունակելով.
«Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ հայտնվել են թեկնածուներ, որոնք խոսում են իրենց կողմից իբր կատարված աշխատանքների մասին:
Տարբեր ժամանակահատվածներում այս ու այն ուժերի ընտրացուցակներով պատգամավորի մանդատ ստացածները պետք է նաև խոսեն այն մասին, թե ժամանակին ինչո՞ւ են լռել և իրենց քաղաքական հայրերից թաքցրել Գյումրու հիմնախնդիրները: Ինչու՞ չեն պայքարել դրանց լուծումների, քաղաքի զարգացման ծրագրերի ու շատ այլ կարևոր և կենսական նշանակության խնդիրների լուծման համար:
Եթե գոնե կես քայլ արած լինեին ոչ թե սեփական շահի, այլ քաղաքի համար, ապա Գյումրու 180 վերանորոգված փողոցից 143-ը 2018-ից հետո չէր ասֆալտապատվի: Նման իրավիճակ առկա է գրեթե բոլոր ոլորտներում:
Գաղտնիք չէ, որ Գյումրուն նոր շունչ, նոր դեմք, նոր դիմագիծ տալու որոշ թեկնածուների խոստումները ծնվում են ընտրական գործընթացից-գործընթաց և ամեն անգամ մեռնում ընտրություններում կրած պարտությունից հետո:
Գյումրեցուն քվեաթերթիկի հետ նույնականացնողների ժամանակը վաղուց անցել է: Մնում է սա գիտակցեն և հասկանան այս օրերին խառը մտքեր ու անկանոն վարք դրսևորող, իրենց համայնքապետի աթոռին պատկերացնող երազողները»: