ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս ներկայացրեց իրական Հայաստանի գաղափարախոսությունը՝ բաղկացած 14 դրույթից։
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք սահմանադրագետ Արտաշես Խալաթյանի հետ։
— Պարոն Խալաթյան, ինչպե՞ս եք գնահատում այս գաղափարախոսության դրույթները։
— Իմ կարծիքով՝ արդեն նախընտրական տրամաբանության մեջ վարչապետը ներկայացնում է այն քաղաքական պլատֆորմը, որով նախատեսում է ներկայանալ ընտրողներին, այսինքն՝ մենք այստեղ գործ ունենք Հայաստանի արդիականացման վերաբերյալ, Հայաստանի, որպես պետություն, նոր տեսլականի վերաբերյալ վարչապետի ծրագրային մոտեցումների հետ, որոնք բնականաբար դրվելու են, մեր ընտրություններում հաջողելու պարագայում, մեր պետականության գոնե տեսանելի ապագայում գործառման և զարգացման հիմքում։ Այսինքն՝ ըստ էության, մենք էստեղ արդեն ականատես ենք լինում ինչ-որ առումով այս նախընթաց տարիների քաղաքականության հետագա զարգացման հաջորդ փուլին, որ, հաշվի առնելով այն բոլոր թե՛ հաջողությունները, թե՛ սխալները, թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ ներքին որոշակի ազդակները, Հայաստանը թևակոխում է հեղափոխությունից հետո թերևս իր զարգացման և նախընթաց իրադարձությունները նաև վերաիմաստավորելու մի շրջան։ Եվ ընդհանուր առմամբ գնահատում եմ դրական, որովհետև սա ինչ-որ առումով ինտելեկտուալ աշխատանքի արդյունք է և ոնց որ մեր հանրային դիսկուրսում առաջին կոնցեպտուալ հավաք-առաջարկն է, թե ինչպիսին պետք է լինի կամ ինչպիսին կարող է լինել ՀՀ-ն։
— Կարո՞ղ են արդյոք այս 14 կետերը դառնալ Հայաստանի ապագայի համար ուղենիշ։
— Ես կարծում եմ, որ դրա հավանականությունը բավականին մեծ է, որովհետև բոլոր պարագաներում տրամաբանական կուռ հավաք համակարգ են իրենցից ներկայացնում և, ըստ էության, փոխշաղկապված են։ Ես այստեղ հատկապես ցանկանում եմ երկու շատ կարևոր կետ առանձնացնել, որովհետև մնացյալն ավելի քաղաքական, բարոյահոգեբանական, գաղափարախոսական տիրույթում է գտնվում, որի չափումը, կշռումն իհարկե կախված է շատ հանգամանքներից, և այսօր դրանց միանշանակ հաջողելու հավանականությունը դժվար է գնահատել։ Բայց երկու շատ կարևոր կետ կա, որով նաև կարող է ամրապնդվել մնացած կետերի գործողությունը և դրանք դարձնել ավելի չափելի, գնահատելի և որոշակիորեն նաև պարտադիր։ Դա նոր Սահմանադրություն ընդունելու անոնսավորումն է վարչապետի կողմից և երկրորդը՝ Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման մեկնարկը, որը տրվել է համապատասխան հանձնաժողովի ստեղծմամբ, և դա ևս շատ կարևոր է, ինչպես նաև կետերից մեկը արտաքին անվտանգության ուղենիշների փոփոխման վերաբերյալ է։ Սահմանադրությունն ինքնին ունենալով լեգիտիմության խնդիր և հետհեղափոխական Հայաստանում տակավին փոփոխված չլինելով՝ դիսոնանս էր առաջացնում Հայաստանի թե՛ անցյալի վերաիմաստավորման և թե՛ ընդհանրապես ապագայի տեսլականի առումով, քանի որ ստացվում է, որ իշխանության լեգիտիմության հարցը կարծես լուծված է, բայց պետական կարգը, որի հիման վրա գործում է այդ իշխանությունը, հիմնված է մի Սահմանադրության վրա, որը լուրջ լեգիտիմության խնդիր ունի, քանի որ նախընթաց երեք հանրաքվեները ժողովրդին կասկածահարույց են թվում, ժողովրդի շրջանում վստահություն չկա, որ այդ Սահմանադրությունն իրավամբ իրենն է։
— 12-րդ դրույթը՝ Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ, ինչպե՞ս եք գնահատում և ինչպե՞ս է հնարավոր։
— Վարչապետի նշած մի շարք սկզբունքային դրույթներ, այդ թվում՝ արտաքին քաղաքականության վերաբերյալ, այդ թվում՝ անվտանգության տեսանկյունից, կարող են և ես, որպես սահմանադրագետ, կարծում եմ՝ պետք է տեղ գտնեն Սահմանադրության մեջ, օրինակ՝ իմ տեսանկյունից Հայաստանի Հանրապետությունը պետք է սահմանադրորեն ամրագրի իր ռազմաքաղաքական չեզոքությունը, և դա նաև կտեղավորվի մի քանի կենտրոններից կախված լինելու վարչապետի տեսլականի մեջ, որովհետև ռուսակենտրոն, միավեկտոր քաղաքականությունը այսօր դեռևս ֆորմալ իմաստով շարունակում է գոյություն ունենալ։ Սահմանադրության մեջ պետք է ամրագրվի նաև ԵՄ գնալու մեր տեսլականի ուղենիշը, և դա ևս տեղավորվում է Փաշինյանի՝ մի քանի կենտրոններից կախված լինելու տեսլականի հետ, որովհետև ԵՄ-ն կազմված է 27 անդամից, և տնտեսական առումով այդ 2 անդամի հետ փոխշահավետ, փոխպայմանավորող և փոխկապված հարաբերությունների ձևավորումը ևս տեղավորվում է Հայաստանի քաղաքականության դիվերսիֆիկացման արտաքին քաղաքական կուրսի մեջ։ Եվ երկրորդը, որ իհարկե Ազգային անվտանգության ռազմավարության վերափոխումը նույնպես օրվա հրամայական է, և հենց այդ նույն արտաքին քաղաքական ուղենիշների, անվտանգային նոր մոդելների ներդրումը հենց Անվտանության ռազմավարության մեջ, որը զուգահեռվելու է Սահմանադրության մշակման հետ, մի կուռ համակարգ կարող է ձևավորել Հայաստանի անվտանգության և արտաքին քաղաքականության նոր մոտեցումների հարցում։ Ես կարծում եմ, որ դա նաև արդեն ժողովրդավարական մեծ լեգիտիմություն կհաղորդի կառավարության վաղուց սպասված քայլին՝ դուրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից։
— Խաղաղությունը հարևանների միջավայրում առանց կողմնակի աջակցության ապրելու հմտությունն է։ Այս դրույթն ինչպե՞ս կմեկնաբանեք։
— Ըստ էության, Անվտանգության ռազմավարության մեջ դա նույնպես պետք է արտացոլվի՝ համապատասխան ձևակերպումներով, և իմ տեսանկյունից, եթե իհարկե լինեն համապատասխան երաշխիքներ, ես կարծում եմ, որ վարչապետի այդ տեսլականի կիրարկումը չի կարող տեղի ունենալ առանց արևմտյան աջակցության, ռազմական առումով՝ Ֆրանսիայի, տնտեսական առումով՝ ԵՄ-ի, նաև կարող ենք Հնդկաստանը մատնանշել, այսինքն՝ որպես պետություն մեր կարողունակության ամրապնդումը և այդ կենտրոնների կողմից մեզ տրամադրվող անվտանգության երաշխիքները թույլ կտան հավասարը հավասարի հարաբերություններ կառուցել տարածաշրջանի մեր հարևանների հետ, որովհետև կոնկրետ Իրանի և Թուրքիայի պարագայում քաշային կատեգորիաների տարբերությունը բոլոր դեպքերում զգացնել կտա, եթե մենք չունենանք նշածս կենտրոնների աջակցությունը, որոնց հետ ունենք քաղաքակրթական և արտաքին քաղաքական շահերի համընդհանրություն։ Դա թույլ կտա նաև հավասարակշռել Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները։ Եվ իհարկե այդ բոլոր երաշխիքներն ունենալու պարագայում տարածաշրջանի պետությունների հետ արժանապատիվ և հնարավորինս փոխշահավետ հարաբերությունների հաստատումը թույլ կտա Հայաստանին մտնել խաղաղ գոյության, խաղաղ զարգացման ժամանակաշրջան և ընդհանրապես արմատապես կփոխի թե՛ մեր վերաբերմունքը աշխարհին, թե՛ աշխարհի վերաբերմունքը մեզ։ Եվ այդ միլիտարիզացիան, որը հանգեցրեց օլիգարխիայի, ժողովրդավարության նահանջի, վերջնականապես կկարողանանք այդ հոռի անցյալի դուռը փակել և փաստացի կունենանք 4-րդ հանրապետություն։ Կարող ենք փաստել, որ վարչապետ Փաշինյանի այդ 14 կետերի անոնսավորումը 4-րդ Հայաստանի մանիֆեստն է։