Պաշտպանության ոլորտում համագործակցությունը ՀՀ-ի հետ շարունակվում է, պաշտոնական Փարիզի դիրքորոշումն է. դեսպան

Թե Ֆրանսիայի նախագահը, թե Հայաստանի վարչապետը մեզ ուղղություն են տվել՝ շարունակելու գործակցությունն էներգետիկայի, պաշտպանության, տրանսպորտի և այլ ոլորտներում։ Բնականաբար, Փարիզում խոսել են նաև տարածաշրջանում իրավիճակի, Ադրբեջանի հետ քննարկումների վերաբերյալ։ Ֆրանսիայի դիրքորոշումն այս հարցում շատ հստակ է՝ նպատակ է դրված հասնել խաղաղության համաձայնագրի, ու նախ և առաջ պետք է հարգվեն Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և ժողովրդավարությունը։

Այս մասին «Ռադիոլուրին» տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

«Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանական համագործակցությունն իրականում դեռ նոր է, բայց շատ արագ է զարգանում։ 2025-ին այն կունենա երեք հիմնական ուղղություն, առաջինը՝ պաշտպանական տեխնիկայի տրամադրում Հայաստանին․ Ֆրանսիան, ի դեպ, արևմտյան միակ երկիրն է, որը պաշտպանական տեխնիկա է տրամադրում Հայաստանին․ հուսով ենք, որ այլ երկրներ ևս կհետևեն մեզ։ Երկրորդ ուղղությունը հայ զինվորականների վերապատրաստումն է թե Հայաստանում, թե Ֆրանսիայում։ Երրորդ ուղղությունը խորհրդատվական ծառայություններն են, որոնք տրամադրվում են Հայաստանի պաշտպանության նախարարությանը, ինչը հնարավորություն կտա բարեփոխել եւ հզորացնել հայկական բանակը»,- ասել է դեսպանը։

Ալիևը հունվարի 8-ին հայտարարել է, որ Ֆրանսիան և Հայաստանին զենք մատակարարող մյուս երկրները «պետք է չեղյալ համարեն այդ պայմանագրերը, Հայաստանը պետք է անհապաղ դադարեցնի զինվելը», և թե «Հայաստան առաքված զենքերը պետք է վերադարձվեն»: Պաշտոնական Փարիզի արձագանքը՝ հարցին, դեսպանը պատասխանել է.

«Պաշտոնական Փարիզի դիրքորոշումն այն է, որ պաշտպանության ոլորտում համագործակցությունը Հայաստանի հետ շարունակվում է։ Եւ շարունակվում է նույն նպատակով՝ օգնել Հայաստանին՝ պաշտպանել իր տարածքը, իր բնակչությանը և իր ինքնիշխանությունը»։

Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ «մարտունակ բանակ ունենալն իր ինքնիշխան իրավունքն է», և որ ձեռք է բերում պաշտպանական սպառազինություն։ Այս համատեքստում Դուք ինչպե՞ս եք ընկալում Ալիևի հայտարարությունը, թե «մենք մեր ասածին շատ լուրջ ենք վերաբերվում»։ Սա սպառնալի՞ք է, էսկալացիայի զգուշացո՞ւմ։

Պատասխանելով հարցին, դեսպանը նշել է՝ բնականաբար, կան մտահոգիչ խոսույթներ։

«Այնուամենայնիվ, երբ դիտարկում ենք իրավիճակն այստեղ, տեսնում ենք, որ կա հարաբերական կայունություն, այսինքն՝ ռազմական լուրջ միջադեպեր՝ մահ կամ վիրավորումներ, մոտ մեկ տարի է՝ չեն եղել, և սա մասամբ նաև ԵՄ եվրոպական դիտորդական առաքելության շնորհիվ է, որը տեղում է և որը կարող է զգուշացնել որևէ միջադեպի դեպքում, որը նաև կարող է հստակեցնել կեղծ նորությունները, բացահայտել դրանք։ Բայց, բնականաբար, մտահոգությունների առիթ կա, որովհետև քանի դեռ չկա խաղաղության պայմանագիր, զինված հակամարտության հնարավորություն միշտ էլ կա։

Այդ իսկ պատճառով մենք շարունակում ենք պաշտպանական ոլորտում մեր գործակցությունը եւ աջակցում ենք Հայաստանին՝ հասնելու խաղաղության»,- ասել է Օլիվիե Դըկոտինյին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ