Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքում վիճաբանության հետևանքով կրակոցների և տուժածների մասին հրապարակումներն ապատեղեկատվություն են:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ կրակոցներ չեն հնչել, վիրավորներ կամ տուժածներ չկան:
ՆԳՆ պարզաբանման համաձայն՝ եղել է կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն, որի ընթացքումընթացքում կողմերից մեկը ձեռքով 1 անգամ հարվածել է մյուսի դեմքին և սպառնացել:
Միջամտել են իրավապահները, դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:
Նշենք՝ Shamshyan.com-ը ավելի վաղ հայտնել է, թե փետրվարի 19-ին՝ 22։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրի նախկին գյուղապետ Արտավազդ Հակոբյանը փետրվարի 15-ին գյուղում հրազենից կրակոցներ է արձակել, որի արդյունքում կան նաև մարմնական վնասվածքներ ստացած անձինք: