«FET PET/CT՝ հայաստանյան միջուկային բժշկության նոր ձեռքբերումը» խորագրով գիտական սեմինարի բացմանը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կարևորել է նմանօրինակ քննարկումները և ընդգծել միջուկային բժշկության ոլորտում Հայաստանի առաջընթացը.
«Հպարտությամբ կարող եմ ասել, որ այսօր ներկայացնում ենք արդեն չորրորդ ռադիոֆարմպրեպարատը, որը արտադրվում է ԱՆ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում։ Սա վկայում է, որ մեր երկիրը քայլում է միջազգային զարգացումներին համընթաց՝ ապահովելով նոր առաջընթաց միջուկային բժշկության ոլորտում։ Ի դեպ, 2024 թվականին, երբ Վիեննայում մասնակցում էի «Միջուկային գիտության, տեխնոլոգիաների, կիրառությունների և տեխնիկական համագործակցության ծրագրի» նախարարական համաժողովին, որտեղ նաև հանդիպում ունեցա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ, ուրախությամբ արձանագրեցի, որ մեր երկրում միջուկային բժշկությունը զարգանում է մեծ թափով։
Այսօր արդեն Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնն ունի շոշափելի հաջողություններ՝ անցնելով բարդ ճանապարհ»-իր ելույթում նշել է նախարարը:
Կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արմինե Բադեյանն իր ելույթում նշել է.
«Մեր կենտրոնում սինթեզվում է արդեն 4 տեսակի ռադիոֆարմպրեպարատ, ինչը թույլ է տալիս ավելի ճշգրիտ մոտեցում ցուցաբերել բուժառուներին՝ համապատասխանեցնելով հետազոտությունը նրանց հիվանդության առանձնահատկություններին։ Միջազգային չափանիշներին համապատասխան այս տեխնոլոգիաները մեծ հնարավորություն են ընձեռում ճիշտ ախտորոշման, փուլավորման և բուժման վերահսկման համար, ինչն էլ նպաստում է ոչ միայն երկարաձգելու բուժառուի կյանքը, այլև ապահովելու կյանքի բարձր որակ»։
Գիտական միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 100 պատվիրակներ՝ ուռուցքաբաններ, բժիշկ-ռադիոլոգներ, նյարդաբաններ և այլ ոլորտային ներկայացուցիչներ։