15 տարվա դպրոցի ճաշարանը խուց է, գրադարանը՝ հավաբնի չափ, պետության ներդրումը եղել է փող աշխատելու ձև. նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, որը ՀՀ վարչապետի հետ ներկա է գտնվել Փոքր Վեդիի դպրոցի բացման արարողությանը, «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է տարիներ շարունակ Հայաստանում որդեգրված սկզբունքով իրականացված դպրոցաշինությանը:

Ըստ նախարարի՝ դպրոց կառուցելիս տարիներ շարունակ ուղղակի պետք է եղել նշում անել, որ շենքը կա։

«Այսօր, Փոքր Վեդիի նորակառույց դպրոցից հետո գնացել էի Հնաբերդ, որի դպրոցական շենքը կառուցվել է 2009-ին, սկսել է շահագործվել 15 տարուց մի փոքր ավել առաջ։

Տպավորություն է, որ Հնաբերդի դպրոցի շենքը սարքելիս ուղղակի պետք է եղել նշում անել, որ շենքը կա։ Իսկ որ ճաշարանի փոխարեն մի նեղ խուց է, դասասենյակները որևէ ստանդարտի մեջ չեն, չեն բավարարում նույնիսկ 12 դասարան ունենալուն, երբ առնվազն այդքանի կարիք է եղել, գրադարանն էլ հավաբնի չափ տարածք է՝ ոչինչ։ Ես եղել եմ նաև Բերդի ավագ դպրոցում, որի շենքն էլ 2000-ականներին է կառուցված և որտեղ արդեն որոշ դասասենյակներ փակել էին, քանի որ հատակն ուղղակի փուլ էր եկել ու անվտանգ չէր։ Եղել եմ նույն շրջանում կառուցված Կառնուտի դպրոցում, որտեղ նույնիսկ մարզադահլիճ չէին նախատեսել ու խոնավությունից պատերը բորբոսի մեջ էին՝ աշխատակազմի սրտացավությանն ու հոգատարությանը զուգահեռ։ Հիմա այս դպրոցները նորոգում ենք ու կունենանք նոր պայմաններ։

Սակայն կարևոր է, որ սա նկատենք, որ այս մասին խոսենք ու սա հասկանանք, երբ խոսում ենք մեր խնդիրներից։ Որովհետև մեր խնդիրները տարիներ շարունակ ձևավորվել են մեր միջոցով, մեր կողքին, մեր հետ։ Պետության որևէ ներդրում դիտվել է իբրև փող աշխատելու լավ ձև՝ ինչ էլ անեն, կընդունվի, հոգ չէ։ Ու այս դպրոցները ցույց են տալիս, որ ընդունվել է։

Այս անտարբերությունն ու ամեն ինչ անցնելուն սովոր վարվելակերպը փոխվում է։ Բարդ, բայց փոխվում է»,- գրել է նախարարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ