Դիտորդները չեն ծեծվի, լցոնում չի չլինի. ինչ խնդիրներ կան Սահմանադրության մեջ, ինչպես կշտկվեն դրանք

Ինչո՞ւ է կարևոր համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը

Հարցի վերաբերյալ օրերս քաղաքացիներին հղած իր ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ «էական է, որ ժողովուրդը, քաղաքացին իրեն ընկալի ոչ միայն որպես պետության հիմնադիր, այլև պետության մեջ հաստատված իրավակարգի աղբյուր, սահմանադրական կարգն ընկալի որպես՝ իր մասնակցությամբ ձեռքբերված համաժողովրդական պայմանավորվածություն»:

Այդ համատեքստում Կառավարության ղեկավարը նկատեց՝ «էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը, քանի որ գործող սահմանադրության ընդունման համար անցկացված նախկին բոլոր հանրաքվեները առնվազն հնարային ընկալման մեջ ունեն լեգիտիմության լրջագույն պակաս»:

«Նոր Սահմանադրության ընդունման ռազմավարական նպատակն անցումն է պետականազուրկ ազգի ռելիկտային (մնացորդային) գործելակարգից դեպի պետականակերտ ժողովրդի գործելակարգ»,- ընդգծեց նա:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցի վերաբերյալ ներքաղաքական որոշ շահարկումներին, մանրամասնեց, որ ինքը 2020 թվականից է խոսել Հայաստանի նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին՝ այս համատեքստում շեշտելով. «ՀՀ քաղաքացիները իրենց պետք է ընկալեն որպես ՀՀ-ում հաստատված իրավահարաբերությունների համակարգի հիմնադիր»:

Իրականում ո՞ւմ և ինչո՞ւ է պետք փոխել Սահմանադրությունը

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի համոզմամբ՝ Սահմանադրությունը փոխելը առաջին հերթին պետք է իշխանությանը: Ըստ նրա՝ եթե Սահմանադրության առանձին դրույթներ խոչընդոտ են ՀՀ ժողովրդի և պետության համար, ուրեմն դրանք պետք է փոփոխության ենթարկվեն:

Արձագանքելով իշխանության ընդդիմախոսների այն պնդումներին, թե սա երրորդ երկրի՝ Թուրքիայի կամ Ադրբեջանի պահանջով է արվում՝ Ստեփանյանն ասում է. «Տրամաբանությունը հետևյալն է. ի վերջո, ինչ էլ առաջարկեն Ալիևն ու Էրդողանը, ՀՀ իշխանությունը, կամ Նիկոլ Փաշինյանը, որոշումը կայացնելու է ժողովուրդը: Ի՞նչ է սա նշանակում, նշանակում է, որ եթե մեր Անկախության հռչակագիրը պետք է Սահմանադրությունից հանվի և դառնա հանրաքվեի կետերից մեկը, շատ մեծ է հավանականությունը, որ հասարակությունը գնալու է և «ոչ» է ասելու հանրաքվեին: Ես կարծում եմ՝ սա հասկանում է նաև իշխանությունը: Իսկ եթե իսկապես հարցը ներքաղաքական խնդիրներն են, և Սահմանադրության մեջ կան խնդրահարույց կետեր, որոնք չեն համապատասխանում այսօրվա իրողություններին, այսինքն՝ գործող Սահմանադրությունը հնացել է, նշանակում է՝ ընդդիմության և Ալիևի մատնանշած կետը չպիտի լինի օրակարգում, իսկ եթե հայտնվի, ապա կնշանակի, որ այս ամենը ֆարս է»:

Քաղաքագետը կարծում է, որ, հաշվի առնելով աշխարհաքաղաքական, ազգային անվտանգության հայեցակարգային լուրջ փոփոխությունները, կա անհրաժեշտություն Մայր օրենքում փոփոխություններ կատարելու:

Կրկին անդրադառնալով ընդդիմադիրների պնդումներին՝ վերջինս նկատում է՝ անկախ նրանից՝ ինչ օրինագիծ ու նախագիծ է առաջարկվում, բխո՞ւմ է դա ՀՀ շահերից, թե՞ ոչ, միևնույն է, նրանք փորձելու են տապալել այն:

«Ընդդիմության գործառույթն է տապալել իշխանության ցանկացած օրինագիծ, առաջարկ: Կան երկրներ, որտեղ ընդդիմությունը այս կերպ է վարվում և տապալում միայն այն օրինագծերն ու նախաձեռնությունները, որոնք հակասում են երկրի պետական շահերին: Մեր ընդդիմությունը գնում է «հին և բարի» ճանապարհով և փորձում տապալել ցանկացած նախաձեռնություն՝ անկախ նրանից՝ կարևո՞ր է դա մեր, մեր պետության համար, թե՞ ոչ, էականը դեմ գործեն իշխանությանը: Նրանց տրամաբանությունը սա է»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում կարծիք է հայտնում նա:

Ի՞նչ բացեր ու թերություններ կան գործող Սահմանադրությունում

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը մեզ հետ զրույցում նկատում է՝ ամենակարևոր բացերն ու խնդրահարույց կետերը նրանք են, որ գործող Սահմանադրությունը չի ապահովում անկախ մարմինների անկախության երաշխիքները, Սահմանադրությունն ունի թերություններ՝ կապված ընտրակարգի հետ, կան բացեր՝ կապված մի շարք ոլորտներում պետական քաղաքականության նպատակների ամրագրման հետ և այսպես շարունակ:

«Ամենակարևորն այն է, որ այդ Սահմանադրությունը երբեք ու երբեք ժողովուրդը չի ընդունել, և երկրորդը՝ այդտեղ բազմաթիվ կարգավորումներ կան, որոնք իշխանության «հագով կարված» կոստյումի էլեմենտներ են պարունակում»,- ասում է նա:

Իոաննիսյանը նկատում է՝ Սահմանադրություն փոխողը լինելու են ՀՀ քաղաքացիներն ընտրատեղամասում, և հետևաբար Սահմանադրությունը պետք է ունենա այն «պետքը», որը որ ՀՀ քաղաքացիների շահերից է բխում, հակառակ դեպքում, քաղաքացները դրան կողմ չեն քվեարկի:

Վերջինիս կարծիքով՝ ծիծաղելի է խոսել այն մասին, որ Սահմանադրությունը կարող է որևիցե այլ ուժի շահերից բխել: Ըստ նրա՝ եթե այլ ուժերի շահերից բխի, քաղաքացիները փոփոխությանը կողմ չեն քվեարկի, և հարցը կփակվի. «Անցել են այն ժամանակները, երբ կարելի էր դիտորդներին ծեծելով՝ տեղամասից վռնդել և լցոնում անելով՝ հանրաքվե կեղծել, ինչպես եղավ 2015 թվականին»:

Ըստ զրուցակցի՝ նոր Սահմանադրություն ընդունելու դեպքում բոլորի համար պարզ կլինի, որ իրավակարգը ոչ թե Սերժ Սարգսյանը, կամ նախորդ իշխանությունները, կամ ռուսները, օսմանները, պարսիկները, այլ բոլորով միասին են սահմանել, իսկ իրավակարգ խախտելը հանրության կամքի դեմ գնալ կլինի:

Բովանդակության բացակայության պայմաններում խոսել նրանից, թե գործող Սահմանադրությունը ում համար է, ում համար չէ, ում շահերից է բխում, ումից՝ ոչ, ըստ Իոաննիսյանի, անլուրջ է. «Բովանդակությունը կլինի՝ հետո տեսնենք՝ ինչ են ասելու»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ