ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարը մասնակցել է ՀՀ-ԵՄ մարդու իրավունքների շուրջ երկխոսության նիստին


Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը մասնակցել է ՀՀ-ԵՄ մարդու իրավունքների շուրջ երկխոսության հերթական՝ 14-րդ նիստին: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմը:

Հանդիպման շրջանակում Աշխատակազմի գլխավոր քարտուղարը, ի թիվս մարդու իրավունքներին վերաբերելի քննարկված մի շարք հարցերի, ԵՄ գործընկերների ուշադրությունը հրավիրել է խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենսդրության ընդունման ու այս առումով Մարդու իրավունքների պաշտպանի՝ իրավահավասարության մարմնի կարգավիճակում գործունեության համար անհրաժեշտ մարդկային, ֆինանսական, տեխնիկական ռեսուրսների առկայության կարևորությանը։

Նինա Փիրումյանն իր խոսքում նաև արձանագրել է, որ անհրաժեշտ ռեսուրսների ապահովման կարևորության մասին է նշել Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) հավատարմագրման հարցերով ենթահանձնաժողովը՝ 2024 թվականի գնահատման արդյունքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը շնորհելով վստահելիության և անկախության A դասի բարձրագույն կարգավիճակ:

Աշխատակազմի գլխավոր քարտուղարը հաջորդիվ անդրադարձել է փաստաբանական ծառայություններ մատուցողների համար հարկային բեռի ավելացման հարցին՝ շեշտադրելով փաստաբանական համայնքի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ Պաշտպանի շարունակական հանդիպումներն ու ձեռնարկված քայլերը։

Նինա Փիրումյանն անդրադարձել է նաև երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտներում պետության՝ ՄԱԿ համապատասխան կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների վիճակի մասին Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներին, Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի՝ Հայաստանի վերաբերյալ 2023 թվականի զեկույցի կատարման վիճակին, ինչպես նաև զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցերի։

Քննարկված հարցերը շարունակական դիտարկման առարկա են ՀՀ-ԵՄ մարդու իրավունքների շուրջ երկխոսության շրջանակներում կայացվող հետագա հանդիպումներում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ