Hraparak.am-ը հերթական կեղծ լուրն է տարածել. «մերձավանցին գիտի ստերը որտեղից է գալիս»

Hraparak.am-ը հերթական կեղծ լուրն է տարածել։ Կայքը «Սպանվածի եղբայրը պաշտոն է ստացել» վերտառությամբ նյութ է հրապարակել, որտեղ հղում անելով ոմն մերձավանցու տեղեկացնում է, թե օրերս Մերձավանի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան վրա հարձակման ընթացքում զոհված Գրիգոր Օհանյանի եղբայրը պաշտոն է ստացել։

Բացի այդ՝ նույն նյութում Hraparak-ը կրկին հղում անելով անորոշ մերձավանցիների` պնդում է, թե «ռազբորկային» մասնակից, դեպքի անմիջական կիզակետում է եղել նաև Մհեր Ախտոյանը, իսկ իրավապահները վերջինիս հատուկ չեն ներգրավել քրեական գործում։ Նախ կեղծիքը տարածած կայքը Մհեր Ախտոյանի տան վրա հարձակումը փորձում է ներկայացնել որպես «ռազբորկա»։ Իսկ որ դա ոչ թե «ռազբորկա» էր այլ հարձակում ապացուցվում է տարածված մի քանի տեսագրություններով։ Հետո, այդ նույն տեսագրություններով ապացուցվում է նաև այն, որ Մհեր Ախտոյանը միջադեպին մասնակից չի եղել։

Այստեղից մոտավոր պարզ է դառնում, թե Hraparak-ի աղբյուրը կոնկրետ որ մերձավանցին է կամ որ ընտանիքից։

Ըստ Hraparak.am-ի, այսպես կոչված մերձավանցի աղբյուրի, սպանված Գրիգորի եղբայրը՝ Նարեկ Օհանյանը նշանակվել է Մերձավանի մշակույթի տան տնօրեն։ Իբր՝ լուրը փոխանցողը նաև զուգահեռ է անցկացրել Վազգեն Սարգսյանի սպանության և Արամ Սարգսյանի վարչապետ նշանակվելու հետ։ «Վազգենին որ խփեցին, ախպորը դրեցին վարչապետ, տենց, էլի․․․․»։

Պաշտոն ստանալու լուրը մեզ հետ զրույցում հերքեց հենց սպանվածի եղբայրը՝ Նարեկ Օհանյանը։

«Կտրականապես հերքում եմ լուրը, թե իբր ինձ նշանակել են Մերձավանի մշակույթի տան տնօրեն։ Ես և մերձավանցիները գիտենք, թե ով է այս կեղծ լուրի հեղինակը։ Մի բան կփոխանցեմ այդ անբորայականի զավակին, որ թե՛ իրեն, թե՛ իր եղբորը, թե՛ իր հանցագործ ոհմակին ոչ ոք չի կարող փրկել Աստծո դատաստանից և արդար դատավարությոինից»։

Հիշեցնենք, որ օրերս մի խումբ անձինք՝ այդ թվում «Ապրելու երկրի» ներկայացուցիչ Վալոդյա Գրիգորյանի եղբայրը զինված հարձակում էին գործել Մերձավանի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ, որի ընթացքում սպանել էին Ախտոյանի հորաքրոջ տղային՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանին, իսկ մեկ անձ՝ Ախտոյանի ընկերը, ծանր վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց։ Վերջինիս կյանքը հաջողվել էր փրկել։ Դեպքից հետո հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 9 անձի մեղադրանք է առաջադրվել։ 5 անձ կալանավորվել է՝ այդ թվում Վալոդյա Գրիգորյանի եղբայրը, 3 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, իսկ մեկ անձ հետախուզվում է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ