Բայդենի հեռանալուց և Թրամփի նախագահությունից հետո Միացյալ Նահանգներ-Ուկրաինա հարաբերությունները անորոշության փուլ են մտնում:
Եթե ԱՄՆ-ի նախկին նախագահը Զելենսկուն իր անսասան աջակցությունն էր հայտնում, մշտապես կողմ արտահայտվում նրան օգնելու հարցում, ապա Նահանգների նոր ղեկավարը կարծում է, թե Վոլոդիմիր Զելենսկին «առանց ընտրությունների բռնապետ» է։ Վերջինս Զելենսկուն անվանել է «համեստ հաջողություններով կատակերգու», որը «համոզել է Ամերիկայի Միացյալ Նահանգներին ծախսել 350 միլիարդ դոլար, պատերազմի մեջ մտնել, որը հնարավոր չէր հաղթել, որը երբեք չպետք է սկսվեր, բայց պատերազմը, առանց ԱՄՆ-ի ու Թրամփի, երբեք չի կարողանա կարգավորել»:
Դոնալդ Թրամփը հավելել է, որ «միակ բանը, ինչի մեջ Զելենսկին լավ էր, Բայդենի հետ խաղալն էր, «ինչպես ջութակի վրա են նվագում»՝ ավելի շատ ռազմական օգնություն ստանալու համար: Այս ամենից բացի, Թրամփը նշել է՝ եթե Զելենսկին ցանկություն ունի նստել բանակցությունների սեղանի շուրջ, ապա երկրում պետք է նախագահական ընտրություններ անցկացնի։
Իրավաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Արտաշես Խալաթյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մեկնաբանելով ԱՄՆ-Ուկրաինա հարաբերություններում տեղի ունեցողը, նկատում է՝ ռազմական դրության մեջ գտնվող երկրում, իրավական առումով, ընտրություններ չեն կարող անցկացվել․ «Սահմանադրական նորմ կա, ըստ դրա՝ պատերազմական երկրում ընտրություններ չեն անցկացվում, ու գործող նախագահի կամ խորհրդարանի լիազորությունները գործում են մինչև ռազմական դրության ավարտը, այս դեպքում՝ մինչև պատերազմի ավարտը»։
Նրա խոսքով՝ Թրամփի կողմից Զելենսկուն այս կերպ պիտակավորելը նաև խնդրահարույց է Սահմանադրական առումով, և վերջինիս հայտարարությունները որևէ հիմք չունեն։ Խալաթյանի կարծիքով՝ ԱՄՆ ղեկավարը պարզապես կրկնում է ՌԴ նախագահի խոսույթը, որը Զելենսկու մասին նույնկերպ էր արտահայտվում։
«Պուտինը բազմիցս է խոսել, որ Զելենսկին ոչ լեգիտիմ է։ Թե՛ Թրամփի, թե՛ Պուտինի այս թեզը իրավական առումով խոցելի, անգրագետ թեզ է։ Պատերազմի ժամանակ գործնականում անհնար է ընտրություններ անցկացնել, հատկապես, երբ Ուկրաինայի սուվերեն տարածքի մի մասը Ռուսաստանն օկուպացրել է։ Այս ամենից եզրակացնում ենք, որ ԱՄՆ-ը դեռևս վերանայում է իր արտաքին քաղաքականությունն ու Ռուսաստանին իր կողմը քաշելու մոլուցքով տարված՝ փորձում Ուկրաինայի մասով ավելի շատ զիջումների գնալ»,- նկատում է նա։
Այսինքն՝ Նահանգների քաղաքականությունը Ուկրաինայի հանդեպ այնպիսին է, որ հնարավորինս չգռգռի Ռուսաստանին, և նույն մոտեցումները լինեն Ուկրաինայի հանդեպ, ինչ եղել է Ռուսաստանից, ասում է Խալաթյանը։
Մեկնաբանելով նաև Թրամփի այն հայտարարությունը, թե Զելենսկին ուկրաինացիների շրջանում իր նկատմամբ 4 տոկոս վստահություն ունի՝ զրուցակիցը ընդգծում է․ «Սահմանադրական ժողովրդավարությունում կասկածելի հարցումները կամ անձնական ընկալումը չէ, որ պետք է որոշեն պաշտոնատար անձի լեգիտիմությունը, գոյություն ունի Սահմանադրական կարգ, որի հիման վրա ժողովուրդը իր դիրքորոշումն է հայտնում այս կամ այն պաշտոնյայի հանրային վարկանիշի վերաբերյալ»։
Ընդհանուր առմամբ, Խալաթյանի գնահատմամբ, Թրամփն ու Զելենսկին գտնվում են վերբալ փոխհրաձգության մեջ։ Նրանք մեկը մյուսին մեղադրում են զուգահեռ իրականությունում ապրելու համար։
«Ամերիկյան բարձրաստիճան ներկայացուցիչներ կան, որոնք խոսում են Թրամփի՝ զուգահեռ աշխարհում ապրելու մասին, վերջինիս քաղաքականությունը օր օրի փոխվում է, իսկ արտահայտությունները հակասում են միմյանց։ Թրամփը այն գործիչներից է, որը սոցիալական պատասխանատվություն չի կրում իր խոսույթի համար և խնդիր չունի փոխել իր դիրքորոշումը, կամ նախկին դիրքորոշմանը հակասող հայտարարություններ անել։ Թրամփին ես համեմատում են Գորբաչովի հետ, նույն ֆունկցիան է իրականացնում, իր ռեֆորմի միջոցով կազմալուծում է այն դերը, որը ունի ԱՄՆ-ը»,- ասում է նա։
Առանց Զելենսկիի բանակցություններ վարելը, ու Զելենսկուն որոշումներ պարտադրելն էլ Թրամփի կողմից Վիենայի կոնվենցիայի խախտում է, արձանագրում է Արտաշես Խալաթյանը։
Եթե Նահանգները չփոխի իր քաղաքականությունը, աշխարհում նոր կոնֆլիկտներ կսկսեն, կարծում է նա. «Կոնֆլիկտն ու ՌԴ նկրտումները Թրամփը չի կարողանալու զսպել, հետևաբար, եթե Նահանգները չփոխի իր քաղաքականությունը, առաջիկա տարիներին նորանոր կոնֆլիկտներ են լինելու, անգամ չեմ բացառում երրորդ աշխարհամարտի սկսելը։ Թրամփը իր քաղաքականության վերջնարդյունքում անհաջողության է մատնվելու։ Թրամփը նաև ճնշում է Զելենսկուն՝ տիրանալու Ուկրաինայի բնական պաշարներին, այստեղ էլ գործ ունենք միջնադարյան մոտեցումների հետ, որոնք հարիր չեն շուրջ 100 տարի կանոնների հիման վրա հիմնված աշխարհակարգում ապրող մարդկությանը»։
Միևնույն ժամանակ, ըստ Խալաթյանի, Եվրամիությունը հստակ կանգնած է իր դիրքերում, և Ուկրաինային չի հանձնի ռուս-ամերիկյան բանակցությունների ողորմածությանը։