Հանրապետությունում տեղացած առատ ձյունն ու դրա հետեւանքով առաջացած տեղաշարժի դժվարությունները ստիպել են մասնավորապես Երեւանի քաղաքացիներից շատերին «էս ինչ աղետ ու մղձավանջ ա» ոճի գրառումներ անել, կիսվել «կոշմառ»-ի մասին տեսագրություններով եւ, բնականաբար, իշխանությանը մեղադրել «փնթի ու վատ» կառավարման համար։
Ի դեպ, նմանատիպ դժգոհություններն ու գրառումները՝ մասնավորապես ձյան պատճառով ի հայտ եկող անհարմարությունների վերաբերյալ, նորություն չեն, ավելին՝ դեժավյու կհարուցեն շատերի մոտ՝ ստիպելով վերհիշել այն տարիները, երբ Երեւանի քաղաքապետը ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանն էր, ձյունն էլ․․․ «Աստված տվել, չէր խնայել»։ «Ֆեյսբուք»-ն ու ԶԼՄ-ներն այդ օրերին թնդում էին մայրաքաղաքին պատուհասած «սպիտակ արմագեդոնի» մասին ահեղացունց հրապարակումներով՝ ձնակոլոլ փողոցներ, սառցակալած մայթեր, տուժած ու աշխատանքից ուշացած քաղաքացիներ, վթարված տրանսպորտ, եւ, բնականաբար, այս ամենի համատեքստում քաղաքային իշխանության հասցին հնչող «յոթ հարկանի» հիշոցներ։
Հանուն արդարության նշենք, որ այսօրվա իշխանության ներկայացուցիչներից ոմանք էլ, ի մասնավորի նաեւ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ֆեյսբուքյան գրառմամբ քննադատում էին քաղաքային իշխանության՝ ձնամաքրման վատ կատարած աշխատանքը։
Զուր չէր, որ ֆեյսբուքահայությունը երեկ հիշել ու հիշեցրել էր Ավինյանի՝ 2016-ին արած գրառումը («Եթե ձյուն մաքրելու տեխնիկա չկա, լուծումը հետեւյալն ա. քաղաքապետարանի անձնակազմը, Տարոնի գլխավորությամբ, վերցնում են բահերը (լապատկա) ու հայդե փողոցներով ձյուն մաքրելու»)՝ հորդորելով գործող քաղաքապետին հետեւել իր՝ մի քանի տարվա վաղեմությամբ հորդորին։
Համացանցում կադրեր հայտնվեցին, թե ինչպես է Ավինյանը ձյուն մաքրող թիակը ձեռքն առնել ու միացել փողոցներից մեկի մաքրման աշխատանքին։
Արդ, ժամանակը հետ պտտենք ու վերհիշենք նախկին իշխանության օրոք կազմակերպված ձնամաքրման աշխատանքների որակն ու մակարդակը, որոնց մասին հարուստ վկայություն են թողել այդ օրերի մամուլն ու համացանցը։
2011 թվականի դեկտեմբերի 23-ին՝ (2011-ը Տարոն Մարգարյանի՝ քաղաքապետ ընտրվելու տարին է) 1in.am կայքը «գուժել» էր՝ «Տարոն Մարգարյանը «կտրվեց» առաջին ձյան քննությունից», ապա նկարագրել էր «կտրվելու» գործընթացը․
«Երեկ մայրաքաղաք Երեւանում տեղացած առատ ձյունը բառի բուն իմաստով կաթվածահար էր արել երթեւեկությունը մայրաքաղաքում։ Ձյան տեղումից մեկ-երկու ժամ անց պարզ էր, որ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից:
Հիշեցնենք, որ Երեւանի նորանշանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը իր հրավիրած խորհրդակցությունների ժամանակ հրահանգել էր Երեւանի համայնքապետերին ու համապատասխան կառույցի ղեկավարներին պատրաստվել ձմռան գալուստին։ Քաղաքապետը վստահեցրել էր, որ երեւանցիները անհանգստանալու պատճառ չեն ունենա, սակայն երեկոյան ժամերին ակնհայտ էր, որ ձյունը սարսափելի իրավիճակ էր առաջացրել վարորդների ու հետիոտների համար Երեւանի մի շարք համայնքներում։ Երեկոյան ժամերին կարելի էր Երեւանի փողոցներում հանդիպել բազմաթիվ մեքենաների, որոնք կանգնած էին ճանապարհների մայթերին կամ փորձում էին դուրս գալ ձյան միջից»։
«168 ժամ»-ն էլ 2014-ին տեղացած ձյանը մի հսկայական վերլուծական էր նվիրել՝ այն վերնագրելով «Համաշխարհային դավադրություն՝ ընդդեմ Տարոն Մարգարյանի եւ Գագիկ Բեգլարյանի»։
«Տարոն Մարգարյանն ու Գագիկ Բեգլարյանը, չնայած բազմաթիվ արտաքին եւ բովանդակային տարբերություններին, ունեն նաեւ նմանություններ. երկուսն էլ շատ են սիրում լուսանկարվել ու տեսանկարահանվել այդ նպատակով պլպլացված փողոցների ֆոնին, մեծ-մեծ հարցազրույցներ տալ «օգտագործված» աղի ու ավազի չափաքանակների, ցուցանիշների մասին: Չար լեզուներն ասում են՝ որքան մեծ են այդ ցուցանիշները, այնքան ավելի մեծ են նաեւ «ատկատների» թվերը, որոնց արդյունքում քաղաքացիները ստիպված են լինում քայլել ու երթեւեկել «կատոկի» վրա:
Արդեն երկու օր է՝ մամուլում, սոցիալական ցանցերում սույն եւ նրանց փոխկապակցված պաշտոնյաների կամ նրանց «փիարշչիկների» կողմից ուղղակի-անուղղակի մեղադրանքներ են հնչում Հիդրոմետծառայության հասցեին, թե՝ սխալ կանխատեսում եք ներկայացրել, դրա համար էլ համապատասխան ծառայություններն անպատրաստ են եղել: Իրականությունն այն է, որ մայրաքաղաքային ու միջմարզային ճանապարհների մաքրման պարտավորություններ ունեցող կառույցների ղեկավարների մտքով չի անցել, որ մարտի 30-ին կարող է այնպիսի ձյուն տեղալ, որը սովորաբար մարտ ամսին չի տեղում: Ու «սովորական ձյան» ժամանակ մի քանի պարկ աղով կամ ավազով «յոլա գնացողները» հայտնվել են ցայտնոտային վիճակում: Մինչդեռ սա նման համակարգերի համար սովորական ֆորսմաժորային իրավիճակ է, որում գործելու ցուցումներ պետք է որ գրված լինեն դրանց կանոնագրքերում կամ աշխատանքային ուղեցույցներում»,- մասնավորապես գրել էր պարբերականն ու ասելիքը եզրափակել հեգնանքով․ «Ամեն դեպքում, պատմական ու քաղաքական անգրագիտություն կլինի Հայաստանում տեղացած ձյունը միայն բնության կամակորություն համարելը: Գարնանը հենց այնպես, առանց համաշխարհային դավադրության, որեւէ շարքային երկրում ձյուն չի տեղում»:
Նույն թվականի հունվարի 14-ին էլ 1in.am-ը «Եղանակն ընդդեմ Տարոն Մարգարյանի» վերնագրի ներքո նկարագրել էր մայրաքաղաքում տիրող անմխիթար վիճակը․ «Երեկ ամբողջ գիշեր մայրաքաղաք Երեւանում առատ ձյուն է տեղացել: Այդ պատճառով առավոտյան քաղաքացիները դժվարությամբ էին տեղաշարժվում: Առատ ձյան պատճառով պարալիզվել էին քաղաքային տրանսպորտն ու մարդատար ուղեւորափոխադրամիջոցները: Երեւանի քաղաքապետարանն այս անգամ եւս պատրաստ չէր առատ ձյան գալստին»:
Տարոն Մարգարյանի օրոք՝ 2013-ին դեկտեմբերին տեղացած ձյունն էլ էր ստիպել ֆեյսբուքահայությանը դուրս գալ ափերից ու ինքնամոռաց տրվել քաղաքապետին «հիշելու» հաճույքին։ Դեկտեմբերի 8-ին քաղաքացիական ակտիվիստ Արթուր Ղազարյանը գրել էր. «Երեւանը քաղաքապետարան ունի՞: Թե՞ մենակ գռփելնա դրանց գործը: Երթեւեկությունը քաղաքում կաթվածահար է, ո՞ւր են ձյուն մաքրող մեքենաները: Կամ գոնե նախնադարում օգտագործվող աղն ու ավազը, կրկնակի ասֆալտ փռել գիտեք, դե մաքրեք…»:
Երեւանի մամուլի ակումբի ծրագրերի համակարգող Հայկակ Արշամյանն էլ գրել էր․ «Էս քաղաքապետարան կոչված ատկատչիկների հավաքածուն կարո՞ղ է գիտի սեփական գրպանից է վճարում փողոցների մաքրման համար: Կենտրոնում մայթերն ու ճանապարհները սառույցի մեջ են, պատկերացնում եմ, թե մնացած թաղամասերում ինչ է կատարվում: Մարդիկ հազիվ են քայլում, մեքենաներն էլ սողալով են շարժվում: Առաջին մի քանի օր առաջ կանխատեսված հանկարծակի ձյան մաքրման աշխատանքների փողը համով էր: Բայց որ հարցնես, միանգամից կասեն, թե քանի տոննա աղ, վառելիք են ծախսել»:
Քաղաքացիական ակտիվիստ, Երեւանի ավագանու նախկին անդամ Դավիթ Սանասարյանն էլ 2012-ի դեկտեմբերին տեղացած ձյան մասին հումոր էր ձոնել քաղաքապետին՝ նրան կոչելով «Տարոն Ձյունաբեր»։
«Մինչ չարախոսները ամեն մի ձյան փաթիլի հետ մեղադրանք են հնչեցնում, Տարոն Մարգարյանը տարածել է մի հաղորդագրություն, որում մասնավորապես ասվում է՝ բյուջեից հատկացվել է սուբսիդիա, համաձայն որի՝ երկնքից երեխաներին պետք էր ձյուն մատակարարել, թեեւ նախընտրական ժամանակահատված է, բայց այն չդիտարկել որպես ընտրակաշառք… Ձեզ գերազանցող՝ Տարոն Ձյունաբեր»։
Ի դեպ, 2016-ի Ամանորը քաղաքացիները դիմավորեցին տեղացած առատ ձյան պայմաններում, որը քաղաքապետարանն իր հաղորդագրություններում որակել էր որպես «աննախադեպ»։ Աննախադեպ բնական երեւույթն ստիպել էր անձամբ Տ․ Մարգարյանին արձագանքել «աննախադեպ» վարքագիծ ցուցաբերելով՝ գիշերը ցերեկ դարձրած հետեւել ձյունը մաքրող տեխնիկայի աշխատանքներին, «մթով» հարցազրույց տալ քաղաքապետարանի լրատվականին ու լուսավորել, թե քանի մեքենա-մեխանիզմ է ներգրավվել քաղաքը մաքրելու գործընթացում ու քանի տոննա ձյուն է «մեկուսացվել»։
Ճշմարիտ է, որ ինչպես կրակն առանց ծուխ, այնպես էլ ձմեռն առանց ձյուն չի լինում։
Հեղինե Մանուկյան