Այն, ինչ կատարվել է այս լուսաբացին Շիրակի մարզի Ազատան գյուղում՝ Չարխիֆալակյանների բնակարանում, տեղաբնակներն ասում են՝ անհավատալի է:
Թե ի՞նչ պատճառով է փետրվարի 21-ին՝ ժամը 04:30-ից 05:00-ի սահմաններում կանչով Ազատան գյուղ մեկնած շտապ օգնության 31-ամյա բուժակը ծեծի ենթարկվել, Ազատանի վարչական ղեկավար Սեյրան Ոսկանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշում է՝ մանրամասներ չգիտի, սակայն ընտանիքը երբեք աչքի չի ընկել ագրեսիվ պահվածքով: Նրա խոսքով՝ զարմացած են տեղի ունեցածից:
«Շատ լավ ընտանիք են, մենք էլ ենք ահավոր զարմացած, թե ինչի համար է դեպքը եղել: Ծեծկռտուքի, նման դեպքերի հետ հեչ կապ չեն ունեցել իրենք երբեք: Շնորհքով, խելոք մարդիկ են, տղեքն էլ, տարիքով մեծն էլ՝ Գենյան, ում համար, որ կանչել են շտապ օգնությունը: Գիշերն է եղել դեպքը, ես էսօր ամբողջ օրը ճամփա մաքրելու գործին եմ գյուղացիների հետ, հլը չեմ գնացել, որ տեղում իմանամ, բայց շատ տարօրինակ բան է»,- մանրամասնում է վարչական ղեկավարը:
Մեզ հետ զրույցում կատարվածից որոշակի մանրամասներ է ներկայացրել Հանրապետական շտապ օգնության ծառայության Հյուսիսային տարածաշրջանի ղեկավար Կարեն Թորոսյանը: Նրա խոսքով՝ այս պահին պատկերացում չունի բռնության բուն պատճառի մասին. գործը իրավապահների տիրույթում է: Ենթադրություններ չեն անում, սպասում են քննչական գործողությունների ընթացքին:
Թորոսյանը հստակ նշում է՝ իր աշխատանքային խումբը կանչից անմիջապես հետո դուրս է եկել և չափորոշիչով սահմանված ժամանակից էլ շուտ է հասել Ազատան: Բուժակ Քոլոյանը բանիմաց, խելոք և հավասարակշիռ անձ է: Թե ի՞նչը կարող էր նման բռնության պատճառ դառնալ, չի պատկերացնում:
«Կանչը ձայնագրվում է վայրկյանով, րոպեով, երևում է՝ մեքենան երբ է դուրս եկել, երբ է հասել: Ամեն ինչ նորմայի սահմաններում է եղել: Բուժակն առաջին ներարկումն արել է, փորձել է կապ հաստատել մեր օպերատիվ կառավարման կենտրոնի հետ, որպեսզի բժշկական բրիգադ մոտենա, դեպքը տեղի է ունեցել, էլ չի հասցրել այդ գործառույթը անել»,- ասում է Թորոսյանը:
Նշենք, որ հիվանդը, ում համար եղել էր կանչը, մահացել է:
Գենյա Չարխիֆալակյանը միջադեպի ընթացքո՞ւմ է մահացել, թե՞ արդեն մահացած է եղել մինչ շտապ օգնության տեղ հասնելը՝ հարցին ի պատասխան՝ Թորոսյանը նշում է՝ շտապ օգնության խմբի ներկայությամբ չի մահացել տղամարդը. «Մահը երևի տեղի է ունեցել հետո, երբ որ արդեն մեր աշխատանքային խումբը դուրս է փախել: Մեր բուժակի ներկայությամբ մահը չի արձանագրվել»:
Մահացածը, ըստ Կարեն Թորոսյանի, նոր է հիվանդանոցից դուրս գրված եղել: Երբ շտապ օգնության խումբը հասել է, գիտակցության կորուստ է ունեցած եղել:
«Պուլս ունեցել է, ճնշում ունեցել է՝ 30/50, ունեցել է գիտակցության կորուստ: Բուժակն առաջարկել է արագ տեղափոխել հիվանդանոց, ստորագրությամբ հրաժարվել են: Երևի 5-7 րոպե է տևել այս իրավիճակը: Ես բուժակին մի պահ եմ տեսել, ասաց՝ ոչինչ չեմ կարող ասել, թե պատճառն ինչն էր: Մի ներարկում արել եմ, վերցրել եմ պլանշետը, որ բժշկական նոր խումբ կանչեմ, խփել են: Ինքը պատերազմի մասնակից տղա է, համեստ, գիտակ, գյուղի տղա է, համագյուղացիների կողմից սիրված, հարգված, մեր լավագույն բուժակներից մեկն է»,- ասում է Թորոսյանը:
ՆԳՆ հաղորդագրության համաձայն՝ դեպքի պահին 44-ամյա տղամարդը մոխրամանով հարվածել է բուժակ Մհեր Քոլոյանի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
«Գյումրի» ԲԿ փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասում է՝ բուժակին ամբուլատոր բուժում է ստացել, հոսպիտալացում չի եղել:
«Տուժածն ունեցել է դեմքի կտրած, արյունահոսող վերքեր, քթի ոսկրերի բեկորային կոտրվածք՝ տեղաշարժով, քթային արյունահոսություն: Ամբուլատոր օգնություն ստացել, գնացել է: Ուղեղի ցնցում չի ախտորոշվել»,- ասում է Խաչատրյանը:
44-ամյա տղամարդը ձերբակալվել է և տեղափոխվել Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 21-ին Շիրակի մարզում հերթական անգամ բռնություն է կիրառվել իր մասնագիտական աշխատանքը կատարող առողջապահական համակարգի աշխատակցի նկատմամբ: