Փարաքար համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու խմբակցությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ չի կայացել համայնքի ավագանու նիստը, ինչի հետևանքով էլ չի հաստատվել համայնքի 2025 թվականի բյուջեն։
«Փարաքար խոշորացված համայնքի հարգելի բնակիչներ,
Սույն թվականի հունվարին կայացած փրայմերիզում( նախնական ընտրություն) ձեր ավելի քան 60 տոկոսի վստահության քվեն ստացած, համայնքապետի պաշտոնակատար Լյուդվիգ Գյուլնազարյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հրավիրել էր ավագանու նիստ:
Ցավոք, այն չկայացավ, ինչի հետևանքով չհաստատվեց համայնքի 2025 թվականի բյուջեն։
Բյուջեն չհաստատվեց, քանի որ Վալոդյա Գրիգորյանի գլխավորած «Ապրելու երկիր» խմբակցության ավագանիները, ինչպես նաև Թաիրով վարչական շրջանը ներկայացնող ավագանիներ՝ Էմին Երիցյանն ու Ռուբիկ Աղեկյանը, չներկայացան նիստին՝ բոյկոտելով համայնքի կարևոր ծրագրերը։
Վալոդյա Գրիգորյանը, որը, հազիվ թե կարդացած լիներ բյուջեի նախագիծը, հայտարարել է, թե այն չի բխում համայնքի շահերից։
Սակայն նիստում նախատեսված էր հաստատել համայնքի երբևէ ունեցած ամենամեծ՝ 1 միլիարդ 772 միլիոն դրամի զարգացման բյուջե, որի չընդունումը կանգնեցրեց հետևյալ ծրագրերը՝
Փողոցների ասֆալտապատում, մանկապարտեզների վերանորոգում, ոռոգման ցանցի կառուցում (սուբվենցիոն ծրագրեր),
«Կարգո» բեռնափոխադրման համալիր տանող ճանապարհի կոյուղագծերի կառուցում,
Մանկապարտեզների սննդի, կոմունալ վճարների և աշխատավարձերի ապահովում։
Եթե Վալոդյա Գրիգորյանի կարծիքով այս ծրագրերը չեն բխում համայնքի շահերից, ապա բարեբախտություն է, որ համայնքի կառավարումը չի գտնվում նրա և նրա թիմի ձեռքում։
Արդյո՞ք համայնքի «զարգացմամբ մտահոգ» ավագանու անդամ Ռուբիկ Աղեկյանի նիստին չմասնակցելը նույնպես պայմանավորված էր Վալոդյա Գրիգորյանի նշած նույն պատճառներով, թե՞ իր նեղ անձնական շահերով։ Խնդրում ենք՝ հարցրեք իրեն երբ կհանդիպեք։
Հարգելի համագյուղացիներ,վստահ եղեք՝ մարտի 30-ին կայանալիք համայնքապետի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Փարաքարի թիմը գլխավորող Լյուդվիգ Գյուլնազարյանի համոզիչ հաղթանակից հետո նման տհաճ իրավիճակներ այլևս չեն կրկնվի»,- ասված է հաղորդագրության մեջ: