«Կռոլիկներին թվում էր, թե իրենք սե*սով են զբաղվում, պարզվեց՝ իրենց բուծում են». Քոչարյանի անեկդոտասիրությունը սահմաններ ու ամոթ չի ճանաչում

Հասարակությունը՝ շարքային քաղաքացիներից մինչև փորձագիտական և լրագրողական համայնք, դեռ չի հաղթահարել նախկին նախագահի ասուլիսի հարուցած շոկը։ Այս մասին են վկայում սոցցանցերում շարունակվող քննարկումները նախկին նախագահի «ֆիրմեննի» ձևակերպումների ու ռուսահաճ հայտարարությունների վերաբերյալ։ Քոչարյանի բառապաշարը, նկատենք, երբեք աչքի չի ընկել պետական պաշտոնյային վայել զսպվածությամբ ու կաշկանդվածությամբ։ Հանրությունը քաջածանոթ է նախկին նախագահի՝ իրեն հատուկ առոգանությամբ արտաբերված ցինիկ, «սյուրռեալիստական» արտահայտությունների «ընտրանուն», մամուլի արխիվն էլ հավերժացրել է այդ ընտրանու այնպիսի «հազվագյուտ» նմուշներ, ինչպիսիք են «վատ պարողին խանգարող բան»-ը, «մոսկաներ»-ը, «բառաչող կովեր»-ը, «յուղ վառել»-ը, «հետույք փրկել»-ը և այլն: Նախկին նախագահը, ինչպես նախօրեի ասուլիսը ցույց տվեց, որոշել է, որ եկել է իր բառապաշարը է՛լ ավելի «ազատականացնելու» ու հարստացնելու ժամանակը՝ այն համալրելով նոր «գոհարներով»։ Ինչպես, օրինակ, «չուգուն գլուխ»-ը, «ոչմիթիզական Ռեմբո»-ն, «աշխարհաքաղաքական Գիքոր»-ը, «երեքմետրանոց քամակ»-ը և այլն։

Համացանցային քննարկումների «հիթը», մինչդեռ, դարձավ նրա պատմած անեկդոտը փորկապություն ունեցող թագավորի և «կլիզմայի» մասին։ Ինչպես գիտենք, նա այդ անեկդոտը պատմել է նաև նախկինում, երբ ՀՀ նախագահ էր, ըստ մամուլի հրապարակումների՝ ԱԺ ամբիոնից, բարձր հռհռոցի ուղեկցությամբ։ Նատուրալիստական մանրամասներով անեկդոտների «գուրու» Քոչարյանն, ի դեպ, ժամանակին էլ լրագրողական նեղ շրջանակի մեկ այլ անեկդոտ էր պատմել՝ բժշկի գնացած տարեց մարդու մասին։ Վերջինս բժշկին գանգատվում է, թե միզելու հետ խնդիրներ ունի: Բժիշկը հարցնում է՝ քանի տարեկա՞ն եք: Ասում է՝ 85: Բժիշկն էլ պատասխանում է. «Ну а что Вы хотите, голубчик, моча кончилась»։

Քոչարյանի անեկդոտասիրության սիրելի թեմատիկան, ինչպես երևում է, կոնքի շրջանում գտնվող արտազատական օրգաններն են և դրանց հետ տեղի ունեցող գործողությունները։ Ընդ որում, նա իր խոսքն այնպես է կառուցում, որ վերջում այն հանգեցնի «էս թեմայով մի հատ անեկդոտ կա»-ին։

Հիշեցնենք, որ 2021 թվականի ԱԺ ընտրությունների նախընտրական փուլում էլ Մարտունիում նա աչքի ընկավ հերթական «խուժանական» անեկդոտը պատմելով։ Գեղարքունիքցիներին հանդիպելու գնացած Քոչարյանը խոսքը կառուցեց Ամասիայում հայտնի գործարարի խոսքերը մեջբերելով, թե՝ «ես խորը ամոթի զգացում ունեմ մեր երկրի ղեկավարին տեսնելով», ապա հավելեց՝ «մենք էլ ասում ենք՝ էդ ամոթը հանենք մեր երկրից, այնպես անենք, որ երկիրը կիրթ, կողքից, դրսից նայող մարդիկ չմտածեն, որ մենք փորձադաշտի ինչ-որ բան ենք, փորձարարական կռոլիկներ, մեր վրա փորձ են անում…»։ Ապա վարչապետ դառնալու հավակնություն ունեցող պերսոնը որոշեց խոսքը «հարստացնել» կռոլիկների մասին «շատ պատեհ», «շատ սազական», «իսկը», «տեղին» անեկդոտ պատմելով (https://www.youtube.com/watch?v=kPRfij8xUdg)։ Թե. «Կռոլիկներին թվում էր, թե իրենք սեքսով են զբաղվում, պարզվեց՝ իրենց բուծում են»։ Քոչարյանը, նկատենք, պատմեց այս անեկդոտը, ընդ որում՝ ռուսերենով, վերջում էլ լիաթոք ու անզուսպ ծիծաղով ծիծաղեց իր պատմածի վրա։ Սա այն դեպքում, երբ 44-օրյա պատերազմի ողբերգությունից ընդամենը մի քանի ամիս էր անցել, մարդկանց վիշտը թարմ էր։

Ի դեպ, սույն հանդիպման ժամանակ է, որ Քոչարյանը արեց իր հերթական «շեդևրալ» հումորը մանգաղի մասին, որը նրան նվիրել էին Վարդենիսում։ «Ես հեռվից որ նայեցի, մի քիչ վախեցա, ասի՝ սա վատ պատգամ ա, սա կարող ա կաստրացիայի գործիք են բան անում՝ կռտելու։ Միանգամից ասացի՝ ոչ, միայն իր նպատակային բանով ենք օգտագործելու այդ գործիքը և իսկապես գալիս ենք համերաշխություն հաստատելու համար»։

Ի դեպ, թեև Քոչարյանը խոստացել էր, որ «կռելու» է՝ հաղթելու է ընտրություններում ու վերցնելու է վարչապետի պաշտոնը, սակայն «չկռեց», ավելին, արդեն որերորդ տարին է՝ զբաղված է իր կուրացիայի տակ գտնվող խորհրդարանական խմբակցությունը քաղաքականապես «կռտելով» ու «մաշեցնելով»։

Իսկապես, «խորը ամոթի զգացում» ես ապրում, երբ մտածում ես, որ այսպիսի լեզվամտածողություն ու սոցիալ-հոգեբանություն ունեցող անձը 10 տարի եղել է ՀՀ նախագահ, դրանից առաջ՝ ՀՀ վարչապետ, դրանից առաջ՝ ԼՂՀ նախագահ։ Իսկ որ ամենազարզնդեցնողն է՝ հավակնում է նորից իշխանության գալ՝ հավանաբար Հայաստանին ՌԴ-ի «փորձարարական կռոլիկի» կարգավիճակ շնորհելու համար։

Հ. Մանուկյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ