Այն, ինչի առաջ Գյումրուն կանգնեցրեց «Բալասանյան դաշինք»-ը, դեռ երկար կհիշեն գյումրեցիներն ու քաղաքական շրջանակների ներկայացուցիչները: Շատ կարճ ձևակերպումները, որոնցով այժմ բնութագրվում է նախկին իշխող ուժը, համահավասար են հիշատակումների՝ վատ իմաստով, իհարկե:
Քաղաքի կառավարումից ինքնակամ փախած նախկին ղեկավարների, ինչպես գյումրեցին կասեր՝ «իզ ու թոզն անգամ չկա», կորել են այնպես, կարծես չեն էլ եղել: Սակայն, որ եղել են, հաստատ է: Ամենուր կիսատ-պռատ խնդրահարույց իրավիճակներ են, թերի կատարված աշխատանքներ ու չիրականացված ծրագրեր: Հենց նրանց պատճառով էլ այս խայտաբղետ հագուստ-կապուստով Գյումրին գնում է արտահերթ ընտրությունների:
Գյումրին մեկ քաղաքապետ կարող է ունենալ, և այդ մեկը դառնալու համար տասնյակն արդեն անցնող քաղաքական ուժ ու անձինք են պատրաստվում պայքարի:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ բոլոր ուժերը մրցակցային պայմաններով են հանդես գալիս, և իշխանության հանդեպ ամենասուր քննադատությունների դեպքում անգամ կասկածի տակ չեն դնում, որ ընտրությունները լինելու են ժողովրդավարական սկզբունքների հիման վրա:
Ղազարյանի համոզմամբ՝ Գյումրեցին հետևություն արել է. «Բալասանյան» դաշինքի կառավարման վերաբերյալ իր գնահատականն ունի և ընտրության գնալիս, իհարկե, դա հաշվի է առնելու»:
Ինչ վերաբերում է դաշտում հայտնված ամենատարբեր ուժերին և անհատներին, որոնք ներկայանում են իբրև թե որպես այլընտրանք՝ ո՛չ նախկին և ո՛չ էլ ներկա, Ղազարյանն ասում է. «Բոլորս, ախր, գիտենք՝ յուրաքանչյուրի հետևում ով է կանգնած»:
Ալխաս Ղազարյանը նկատում է՝ նախկին իշխանության ներկայացուցիչները որևէ ջանք չեն խնայում՝ վերադառնալու համար քաղաքական դաշտ, այդ թվում՝ կրկին իշխանության հասնել, կամ՝ մնալ ընդդիմության առաջին շարքերում:
Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուին՝ պատգամավորը վստահեցնում է՝ կուսակցությունը համախմբված է Սարիկ Մինասյանի շուրջ:
Հիշեցնենք, որ Գյումրիում արտահերթ ընտրությունները նախատեսված են մարտի 30-ին:
Առավել մանրամասն՝ ռեպորտաժում: