Եղվարդ-Աբովյան ավտոճանապարհի դաշտամիջյան հատվածում գտնվող վիրավոր ձիու տերը վերադարձել է ՌԴ-ից

Փետրվարի 15-ին Shamshyan.com-ը լուսանկարներ և տեսանյութ էր հրապարակել Կոտայքի մարզում Եղվարդ-Աբովյան ավտոճանապարհի դաշտամիջյան հատվածում գտնվող վիրավոր ու անօգնական ձիու վերաբերյալ։

Հրապարակումից կարճ ժամանակ անց ձիուն օգնության են հասել բնապահպան-լրագրող Նարինե Կիրակոսյանը, «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի տնօրեն Մանուկ Մանուկյանը և որ ամենակարևորն է՝ ձիու տերը՝ Արամ Խաչատրյանը։

Նա գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում և վերադարձել է Հայաստան, անմիջապես օդանավակայանից եկել ձիու գտնվելու վայրը ու արդեն Մ․ Մանուկյանի և մի քանի քաղաքացիների օգնությամբ նա ձիուն տեղափոխել է նախկին կացարան, որը Զովունիում էր։

Պարզվել է նաև, որ փետրվարի 11-ին, ձիուն հարվածել է «Ford Transit» մակնիշի ավտոմեքենա, որի վերաբերյալ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակում փաստաթղթեր են ձևակերպվել։

Ավելի վաղ կայքը հայտնել էր, որ արդեն 4 օր է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկները խնամում էին վթարի հետևանքով աջ ոտքի մասում բաց կոտրվածք ստացած վիրավոր ձիուն։

Պարեկները ֆերմաներից խոտ էին գնում, կերակրում էին ձիուն, քանի որ նա գտնվում էր անօգնական վիճակում, չէր կարողանում անգամ տեղաշարժվել։

Նաիրիի բաժնի ծառայողները չէին կարողանում գտնել ձիու սեփականատիրոջը, որպեսզի հասկանային, թե ինչ պետք է արվի։ Ձին երեք տարեկան արու է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ