Ռոբերտ Քոչարյանը փորձում է հեռու վանել քաղաքական կախաղանի պարանը. ինչու է նա թաքնվում որդու հետևում. տեսանյութ

Ռոբերտ Քոչարյանը, թեև հրաժարվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճելուց, սակայն իր երեսփոխանների միջոցով, որոնց մեջ է նաև կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, շարունակում է «Մեղրի պլանի» մասով հանրային տիրույթում արդարանալ:

Հիշեցնենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը գաղտնազերծել էր փաստաթղթեր, որոնք վկայում են՝ 90-ականների վերջին Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը տետ ա տետ՝ առանց միջնորդների, համաձայնության էին եկել լուծել Ղարաբաղյան խնդիրը տարածքների փոխանակմամբ՝ Մեղրին Ղարաբաղի դիմաց։

Փորձելով «փրկել» հորը՝ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանքներից՝ Կառավարություն-Ազգային ժողով վերջին հարցուպատասխանը ևս «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը ծառայեցրեց այդ նպատակին:

Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ գաղտնազերծված փաստաթղթերը խոսում են հակառակի մասին. փաստացի Քոչարյանը, ընդունելով, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի սեփականությունն է, Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, սակարկման է դրել Մեղրիի հետ:

Արձագանքելով ընդդիմադիրների այն խոսույթին, թե իշխող ուժի անդամներին կարող են տանել Քոչարյանի հանձնած Մեղրի, իշխող ուժն էլ իրենց թող տանի Լեռնային Ղարաբաղ՝ պատգամավորն ասում է՝ այդ միտքը արտասանելով՝ հանրությանը պարզապես հիմարի տեղ են դնում:

Դիտարկմանը, թե ընդդիմությունը պահանջում է բարձրաձայնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքները՝ օրենսդիր մարմնի ներկայացուցիչը նկատում է՝ հենց այդ իրավունքների պաշտպանության համար էին ժամանակին Լեռնային Ղարաբաղի իշխանություններին առաջարկում գնալ Սոֆիա՝ բանակցությունների:

Ըստ պատգամավորի՝ ընդդիմությունը փորձում է օգտագործել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին, սակայն, ըստ նրա, սա էլ այլևս չի հաջողվում:

Օրվա իշխանությունների համար կարևոր է տարածաշրջանում վերջնական ու կայուն խաղաղության ամրագրումը, վստահեցնում է Ալեքսանյանը՝ հավելելով՝ Հայաստանը այդ օրակարգից չի հրաժարվելու, անկախ խոչընդոտներից՝ համառորեն և անխոնջ կերպով շարունակելու են կատարել իրենց ամենօրյա աշխատանքը՝ խաղաղության հաստատման համար, որովհետև, ի տարբերություն ընդդիմության, թքած չունեն Հայաստանի քաղաքացիների կյանքի, անվտանգության և խաղաղ ապրելու իրավունքի վրա:

Առավել մանրամասն՝ ռեպորտաժում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ