Մերձավանի գործով կալանավորված Վոլոդիա Գրիգորյանի եղբոր՝ Պաշի հարուստ քրեական անցյալը

2021 թվականին մամուլը գրեց, որ հունվարի 13-ին Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Ռեդիսոն Բլու» հյուրանոցային համալիրի ավտոկայանատեղիում և գլխավոր մուտքի մոտ կրակոցների հետքերով ավտոմեքենաներ էին հայտնաբերվել: Ոստիկանները նշված հյուրանոցի կայանատեղիում հայտնաբերել էին Mercedes AMG GL 42 մակնիշի E 001 AA 190 RUS համարանիշի, իսկ հյուրանոցային համալիրի մուտքի մոտ՝ Mercedes G 500 մակնիշի A 777 AA 777 RUS համարանիշի ավտոմեքենաներ:Այնուհետև պարզ դարձավ, որ կրակոցները հնչել էին Թոխմախի գերեզմաններում, որտեղ հայտնաբերվել էին նաև կրակված պարկուճներ:

Կրակոցները հնչել էին քրեական պատմություններով հայտնի Ռուստամ Ստեփանյանի՝ Չաղ Ռուստամի ավտոմեքենաների ուղղությամբ:

Ըստ MediaNews-ի տեղեկությունների՝ միջադեպի մասնակիցների թվում էին եղել Մերձավանի նախկին ՀՀԿ-ական համայնքապետ Լևոն Գրիգորյանի որդին, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Վոլոդիա Գրիգորյանի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը (Պաշ), Արմեն Ղազարյանը (Պզ), ինչպես նաև քրեական աշխարհում հայտնի «Ֆազ» մականվամբ Սերգեյ Գրիգորյանի եղբայրը՝ Գրիգորի Գրիգորյանը:

Շրջանառվող լուրերի համաձայն՝ Պայքար Գրիգորյանը Մերձավանի զորամասերից մեկի աշխատակցի միջոցով փամփուշտներ է ձեռք բերել, Արմեն Ղազարյանի հետ գնացել 3-րդ գյուղ, հանդիպել Գրիգորի Գրիգորյանին, որից հետո միասին գնացել են Թոխմախի գերեզմանատուն, և տեղի են կրակոցները:

Այս դեպքից հետո Պայքար Գրիգորյանը դիմել է փախուստի, գնացել ԱՄՆ, նրա փոխարեն պատասխանատվության է ենթարկվել այլ մարդ, այն տաքսու վարորդը, որը վերջիններիս տեղափոխել է: Նա հետո ազատ է արձակվել: Այս ամենից հետո Պայքար Գրիգորյանը վերադարձել է Հայաստան:

Լուսանկարներում Վոլոդիա Գրիգորյանի եղբայրն է՝  Պայքար Գրիգորյանը (Պաշը)

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Մերձավանում տեղի ունեցած ողբերգական դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակներում 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել 2-ամսյա կալանքը, 3-ի նկատմամբ՝ տնային կալանքը:

Հայտնի է դարձել, որ կալանավորվածներից մեկը Մերձավանի նախկին ՀՀԿ-ական համայնքապետ Լևոն Գրիգորյանի որդին է, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Վոլոդիա Գրիգորյանի եղբայրը՝ 37-ամյա Պայքար Գրիգորյանը, Վոլոդիա Գրիգորյանի մտերիմ 30-ամյա Մարզպետ Գալստյանը, Անդրանիկ Բռուզյանը:

Հայտնի տեսանյութում երևացող՝ ինքնաձիգը ձեռքին երիտասարդը՝ 29-ամյա Արմեն Ղազարյանը, որը Մերձավանում հայտնի է Պզ մականվամբ, դեռևս չի հայտնաբերվել, նա հետախուզման մեջ է:
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին զինված միջադեպ էր եղել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան մերձակայքում: Ըստ նախնական տեղեկությունների՝ հարձակումը Ախտոյանի տան ուղղությամբ էր ծրագրված եղել: Հնչել էին կրակոցներ, որի հետևանքով մեկ հոգի զոհվել էր, մեկը՝ վիրավորվել: Զոհվածը Մհեր Ախտոյանի զարմիկն է, իսկ վիրավորում ստացածը՝ Ախտոյանների ընկերը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ