![]()
Հայ ժողովուրդը կազմավորվել ու իր պատմական ուղին է անցել Հայկական լեռնաշխարհում։ Դա հնագույն մարդու նախնական բնակեցման այն տարածքներից է, որը հարուստ է նախնադարի բոլոր փուլերին վերաբերող հուշարձաններով։
Քարի դարն ընդունված է բաժանել 3 փուլերի՝ հին քարի դար (պալեոլիթ, մինչև մ. թ. ա . XII հազարամյակ), միջին քարի դար (մեզոլիթ, մ. թ. ա. XII հազարամյակ – մ. թ. ա. VII հազարամյակի կեսեր) և նոր քարի դար(նեոլիթ մ. թ. ա. VII հազարամյակի կեսեր – մ. թ. ա. V հազարամյակի կեսեր), որոնցից յուրաքանչյուրն իրենց հերթին բաժանվում են առանձին փուլերի։
Նախնադարյան հասարակության հին քարի դարի առաջին ենթափուլը՝ ստորին պալեոլիթը, Հայաստանի տարածքում սկսվել է մոտ 2 միլիոն տարի առաջ և ավարտվել է մոտ 100 000 տարի առաջ։ Հայկական լեռնաշխարհում հայտնի են այս ժամանակաշրջանի մի քանի բացօթյա հնավայրեր, կայաններ և քարայրային տիպի հուշարձաններ։ Դրանցից հայտնի է Գուգարքում հայտնաբերված հին քարեդարյան կայանը, որի տարիքը մոտ 1, 8 միլիոն տարի է։
Այն Հարավարևմտյան Ասիայի՝ մարդու մինչև այժմ հայտնի հնագույն կայանն է։ Հնագույն ժամանակների մասին հարուստ տեղեկություններ են պարունակում նաև Ազոխի քարայրն Արցախում, Արտին լեռան շրջակայքը և մի քանի հուշարձաններ Արևմտյան Հայաստանում։ Միջին պալեոլիթի ժամանակաշրջանը Հայկական լեռնաշխարհում ավարտվել է մոտ 40 հազար տարի առաջ։
![]()
Վերին պալեոլիթն ընդգրկում է մոտ 40000-14000 թվականներն ընկած ժամանակաշրջանը։ Հայաստանի տարածքում հայտնի են վերին հինքարիդարյան շուրջ 60 հուշարձան։ Դրանց հիմնական մասը գտնվում է լեռնաշխարհի հյուսիսարևելյան, հարավային և հարավարևմտյան մասերում՝ Եփրատի ավազանում, Կորդվաց աշխարհում, Տիգրիսի ավազանում և այլուր։
![]()