Shamshyan.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 7-ին Վայոց ձորի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել։
Ժամը 01։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Վայոց ձոր» բժշկական կենտրոն բուժօգնության տեղափոխված քաղաքացին չի ենթարկվում բժիշկներին, վիճաբանում է նրանց հետ և հնչեցնում հայհոյանքներ։
Ինչպես հայտնում է կայքը, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները պարզել են, որ Վայոց ձորի մարզի բնակիչ 30-ամյա Ա․ Բ․-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, առանց որևէ պատճառի մոտ 15-20 րոպե վիճաբանել է բուժանձնակազմի, մասնավորապես՝ ռեանիմատոլոգ, Վայոց ձորի մարզի բնակիչ 27-ամյա Ա․ Հ․-ի, ընդունարանի բուժքույր, Վայոց ձորի մարզի բնակիչ 44-ամյա Ա․ Ս․-ի և մայրապետ, Վայոց ձորի մարզի բնակիչ 59-ամյա Ա․ Հ․-ի հետ, որի ընթացքում հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, ինչպես նաև՝ վնասել բժշկական կենտրոնի ընդունարանի գույքը, հրելով պատգարակը՝ կողաշրջել է դեղորայքային սեղանը և վնասել պատը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Ա․ Բ․-ն բժշկական կենտրոնին պատճառել է մոտ 300 հազար դրամի վնաս:
Դեպքի փաստով ոստիկանության Եղեգնաձորի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն: