Պետություն-մասնավոր աշխատանք, տեխնոլոգիական ոլորտի զարգացում. ԲՏԱ նախարարն այցելել է «Ինժեներական քաղաք»

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 13-ին նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ այցելել է «Ինժեներական քաղաք»՝ հանդիպելու ինժեներական ասոցիացիայի ներկայացուցիչներին՝ ասոցիացիայի նախագահ Արամ Սալաթյանի և «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի գլխավորությամբ։

Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից:

«Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի գիտական ներուժի առավել արդյունավետ կիրառումը՝ տեխնոլոգիաների ընդլայնված ներգրավմամբ տնտեսության տարբեր ուղղություններում։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել պետություն-մասնավոր համագործակցության զարգացման հեռանկարներին, ինչպես նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից մշակված յոթամյա ռազմավարական ծրագրին, որն ուղղված է տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։

Հանդիպմանը հատուկ անդրադարձ է կատարվել տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը միտված «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում արված նոր կարգավորումներին: Այդ համատեքստում քննարկվել է Կառավարության կողմից այսօր ընդունված «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը սահմանելու մասին» որոշումը, որը հնարավորություն է տալիս բարձր տեխնոլոգիական 32 ուղղությամբ գործունեություն իրականացնող ընկերություններին միաժամանակ օգտվել պետական աջակցություններից և հարկային արտոնություններից, ինչը զգալիորեն կխթանի ոլորտի զարգացումը։

Քննարկվել է նաև «Գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակող մասնագիտական հանձնաժողով ձևավորելու, հանձնաժողովի գործունեության կարգը և կազմը սահմանելու, հանձնաժողովի կողմից գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակելու կարգը, գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների չափանիշները սահմանելու մասին» որոշումը, որով սահմանվել են R&D-ն որպես այդպիսին որակելու չափանիշները և դրա որակման կարգը, ձևավորվելու է գիտական հետազոտությունների և փոր­ձա­րա­րա­կան մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակող մասնագիտական հանձնաժողով, հաստատվելու է հանձնաժողովի կազմը, գործունեության կարգը:

Արամ Սալաթյանն ընդգծել է օրենքի կարևորությունը և Ինժեներական ասոցիացիայի պատրաստակամությունը՝ աջակցելու օրենքը զարգացնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Իր հերթին, Բագրատ Ենգիբարյանն ընդգծել է, որ իրականացված քայլերն արդեն իրական ազդեցություն ունեն և նպաստելու են տեխնոլոգիական ոլորտի էական առաջխաղացմանը։

Խոսվել է նաև աշխատանքի ընթացքում առաջ եկած խնդիրներից, քննարկվել են դրանց լուծման տարբերակներն ու հնարավորությունները։

Հանդիպմանը ներկա ինժեներական ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց գործունեությունը, առկա մարտահրավերները և զարգացման տեսլականը։ Նախարար Մխիթար Հայրապետյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել քննարկումները առանձին ձևաչափերով՝ աջակցելու բարձրացված խնդիրների լուծմանը և նոր համագործակցությունների ձևավորմանը։

Այնուհետև «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի և շինարարների ուղեկցությամբ Մխիթար Հայրապետյանը շրջայց է կատարել «Ինժեներական քաղաք»-ի տարածքով, այցելել բիզնես աքսելերատորի շենք: Նախարարին մանրամասներ են ներկայացվել իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ