Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով Զուրաբիշվիլիին ճանաչում է Վրաստանի լեգիտիմ նախագահ

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով Զուրաբիշվիլիին ճանաչում է Վրաստանի լեգիտիմ նախագահ։

«Վրաստանում քաղաքական իրավիճակն էլ ավելի է վատացել» բանաձևին աջակցել է 400 պատգամավոր, դեմ՝ 63-ը, ձեռնպահ՝ 81-ը։

Բանաձևը հովանավորել է Եվրախորհրդարանի հինգ քաղաքական խմբիի 57 պատգամավոր:

Բանաձևում ասվում է, որ Եվրախորհրդարանը շարունակում է ճանաչել Սալոմե Զուրաբիշվիլիին որպես Վրաստանի օրինական նախագահ, վրաց ժողովրդի ներկայացուցիչ և բարձր է գնահատում նրա «ջանքերը՝ խաղաղ ճանապարհով Վրաստանին դեպի ժողովրդավարություն և եվրոպական ուղի առաջնորդելու»:

Փաստաթուղթը նաև կոչ է անում Եվրամիության խորհրդի նախագահին հրավեր ուղարկել Զուրաբիշվիլիին՝ Վրաստանը ներկայացնելու խորհրդի առաջիկա նիստում, ինչպես նաև Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ գագաթնաժողովում։

Բանաձևը նաեւ պահանջում է նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել Վրաստանում և պատժամիջոցներ կիրառել վրացի պաշտոնյաների նկատմամբ։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 29-ին Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնապես ստանձնել է Վրաստանի վեցերորդ նախագահի պաշտոնը։

Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ կլքի Վրաստանի նախագահի նստավայրը՝ չնայած, որ մինչ այդ հակառակն էր պնդում:

«Ես հեռանում եմ նստավայրից և ինձ հետ վերցնում եմ լեգիտիմությունը, այստեղ լեգիտիմություն չկա, ես դուրս կգամ ձեզ մոտ և կլինեմ ձեզ հետ»,- ասել է նա՝ դիմելով ընդդիմադիր ցուցարարներին:

Ընդդիմությունն ու Զուրաբիշվիլին պահանջում են նոր խորհրդարանական ընտրությունների անցկացում և չեն ճանաչում ներկայիս իշխանությունների լեգիտիմությունը:

Զուրաբիշվիլին միացել է ցուցարարներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ