Ազգային ժողովում վերջին երկու օրերը «փոթորկուն» էին հատկապես ընդդիմության համար: Բանն այն է, որ իշխող ուժը, հաշվի առնելով ավելի քան 60 հազար քաղաքացիների կարծիքը, նախ քննարկման դրեց, ապա նաև առաջին ընթերցմամբ հավանություն տվեց Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության օրինագծի մեկնարկին:
Ընդդիմությունը, ինչպես միշտ, շատ կանխատեսելի էր. մի մասը պարզապես չմասնակցեց քվեարկությանը, մյուս մասը դեմ քվեարկեց։ Ավելին՝ նրանք, մեկը մյուսին հերթ չտալով, փորձեցին բացատրել, թե իբր ինչ է իրականում «թաքնված» այս օրինագծի տակ:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են ընդդիմադիրները Եվրոպան ընկալում որպես «կործանման ուղի» և պայքարում օրինագծի դեմ, պատասխանում է՝ իրենք էլ մեծ հաշվով տեղյակ չեն, թե ինչո՞ւ և ինչի՞ դեմ են նրանք պայքարում:
Ըստ Ալեքսանյանի՝ այս հարցը պետք է տալ նրանց վերադասներին, որոնք ավելի բովանդակալից կպատասխանեն՝ ելնելով այն պետության շահերից, որը ներկայացնում են:
Պատգամավորի խոսքով՝ ընդդիմությունը աղմկելով փորձում է Հայաստանի սուվերենության համար լրացուցիչ վտանգներ ստեղծել, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը վտանգի տակ դնել: Ալեքսանյանի կարծիքով՝ սա նրանց հիմնական նպատակն է, թիրախը, որին գնում են՝ մի մասը գիտակցելով, մյուսը՝ առանց դրա:
Օրենսդիր մարմնի ներկայացուցիչն ասում է՝ դեպի Եվրամիություն գնալու ճանապարհին, այո, կան ռիսկեր, որոնք օրվա իշխանությունը փորձում է բալանսավորել:
Հարցին՝ իսկ Եվրամիությունում Հայաստանին սպասո՞ւմ են, Ալեքսանյանը նկատում է՝ դա այնքան ակնհայտ է, ուղղակի պետք է երբեմն միջազգային մամուլ կարդալ, Հայաստանի մասին խոսույթը կարդալ, ԵԽԽՎ բանաձևերը նայել:
Առավել մանրամասն՝ ռեպորտաժում: