Մայրաքաղաքում հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի անցումն ու մետաղադրամից հրաժարվելը դեռևս շարունակում է դժգոհությունների տեղիք տալ:
Քաղաքային իշխանությունը տրանսպորտի համար սահմանված վճարման նոր համակարգը ճիշտ մոտեցում է համարում, սրան զուգահեռ ընդդիմությունը պնդում է, թե բարեփոխումներն ամբողջապես իրականացված չեն և արդարացված չէ տրանսպորտի սակագնի բարձրացումը:
Այն, որ համակարգը առավել լավարկման կարիք ունի, քաղաքային իշխանության ներկայացուցիչները ևս չեն առարկում: Դիցուկ՝ արդիական խնդիրներից են շարունակում մնալ ավտոբուսներում տեղադրված վալիդատորների աշխատանքը, տերմինալից ուղևորատոմս ձեռք բերելու դժվարությունները և այլն:
Քաղաքացիները ահազանգում են, որ «Թել-Սել» վճարային համակարգում պարբերաբար արձանագրվում են տեխնիկական խնդիրներ, օրինակ՝ սարքերը գանձում են գումարը, սակայն QR տոմս չի տրամադրվում, կամ վալիդատորը վավեր QR-ը մերժում է:
«Թել-Սել» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Լիանա Հունանյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով քաղաքացիների բարձրացրած հարցերին, մասնավորապես, որ բանկային կամ տրանսպորտային քարտերով վճարելու դեպքում համակարգը հաճախ մերժում է, մանրամասնում է՝ եթե ուղևորը բանկային քարտը կամ տրանսպորտային քարտը վալիդատորին մոտեցնելուց առաջ մի փոքր երկար պահի, ապա վճարումը չի մերժվի, իսկ արագ մոտեցնելուց ու հեռացնելուց վալիդատորը չի հասցնում այն ընդունել, հետևաբար վճարումը մերժվում է։
Ըստ Հունանյանի՝ համակարգը կարելի էր խափանված համարել, եթե բոլոր ուղևորների վճարները մերժվեին։ Միաժամանակ նա նկատում է՝ ճիշտ է, Wi-Fi քարտերով հնարավոր է վճարել, սակայն կան որոշ բանակային քարտեր, որոնք օֆլայն համակարգը չեն ճանաչում։ Նա վստահեցնում է, որ այս մասով աշխատանքներ են տարվում, խնդիրը կարգավորվի։
«Թել-Սել»-ի ներկայացուցիչն ասում է՝ որոշ խմբեր միտումնավոր փորձում են վնասել տերմինալները՝ դրանով խափանելով աշխատանքը:
Ըստ նրա՝ ընկերության տեխնիկական սպասարկողները հետևում և մաքրում են սարքերը, սակայն գործողությունները շարունակական են, ինչն էլ բերում է նրան, որ հաճախ տերմինալները ընդունում են գումարը, սակայն տոմս չեն տալիս:
Ինչ վերաբերում է այն դժգոհություններին, որ տերմինալները 50 դրամ չեն ընդունում, Լիանա Հունանյանն ասում է՝ տերմինալները երբևէ հնարավորություն չեն ունեցել և չեն ունենա 50 դրամ մետաղադրամ ընդունելու, ուստի մարդիկ պետք է միաժամանակ ձեռք բերեն երկու տոմս՝ վճարելով 300 դրամ, իսկ եթե պարտադիր ուզում են, որ մանրը վերադարձվի, ապա, ըստ զրուցակցի, երեք տարբերակ կա․ փոխանցել բջջային հեռախոսին, «Թել-Սել» դրամապանակին, կամ էլ կտրոնը պահեն և դրանով մոտենան ընկերության մոտակա մասնաճյուղ:
Իսկ թե մինչ այս պահը տրանսպորտային քանի՞ փաթեթ է վաճառվել և քանի՞ ուղևոր է երթևեկում քարտերով, «Թել-Սել»-ի գլխավոր տնօրենի տեղակալը մանրամասնում է ռեպորտաժում: