ԼՂ-ն լուծարած եսիմ ով ուզում է «մխտռել» ՀՀ կյանքը, էդ գյուտարարի գանգին պետք է իջնի իրավունքի ուժը. Սուքիասյան

Տեղեկատվական շտաբ ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանի անունից հայտարարություն, որում նա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից պահանջել է ներողություն խնդրել՝ ԼՂ-ում տեղի ունեցածի վերաբերյալ տված գնահատականի համար:

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ արձագանքելով արցախցի լրագրողի հարցին, թե ե՞րբ հնարավոր կլինի վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, ասել էր. «Ամեն ինչ կարվի, որ վերադառնան այնտեղ այն ժամանակ, երբ անվտանգ կլինի, որովհետև երբ դուրս եկաք այնտեղից, անվտանգ չէր, չնայած կարելի էր մնալ պայքարել մինչև վերջ, բայց դուք դուրս եկաք»:

Արձագանքելով Սամվել Շահրամանյանի հայտարարությանը՝ Սիմոնյանն ասել է, որ «ասածի համար չի զղջում»:

«Ես ասել եմ կոնկրետ մարդկանց մասին, ովքեր ոչ թե վերադառնում էին Ղարաբաղից, այլ վերադառնում էին Հյուսիսային պողոտայի իրենց տներ, որոնք ուզում էին վերադառնալ իրենց ասաբնյակները, որ կառուցել էին Հայաստանում, որոնք իրենց բիզնեսները կառուցում էին ոչ թե Ղարաբաղում, որովհետև ապագա չէին տեսնում, այլ՝ երկրից դուրս։ Ես ձեզ վստահեցնում եմ՝ այն մարդիկ, որոնց մասին ես խոսել եմ, իրենք դա հասկացել են: Ինչ վերաբերում է այն մարդկանց, ովքեր զոհվել են, ես ասել եմ՝ փառք ու պատիվ»,- լրագրողների հետ զրույցում պարզաբանել է ԱԺ նախագահը և հավելել, որ չէր կարելի դատարկել Լեռնային Ղարաբաղը:

«Քրիստոնեա-Ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով Սամվել Շահրամանյանի հայտարարությանը, թե Ալեն Սիմոնյանի հնչեցրած գնահատականները «փոթորկել են բռնի տեղահանված ժողովրդի՝ առանց այն էլ չխաղաղվող հոգիները», ասում է՝ այդ մարդուն՝ իրեն Արցախի նախագահ ներկայացնողին, հարց ունի. «Արցախում հաջորդ ընտրությունները ե՞րբ են…»:

Ըստ նրա՝ «մի ամբողջ պետություն են հանուն Ռուսաստանի ծախել, եկել. իրենք ո՛չ Արցախի հետ կապ ունեն, ո՛չ Հայաստանի»:

«Նաև գիտեն, որ ոճրագործություն են գործել, հիմա դա ինչ-որ մեկի վրա գցելո՞ւ են, թե՞ ոչ: Ալեն Սիմոնյանն ի՞նչ է ասել, միգուցե մի քիչ կոշտ ձևակերպումներով, բայց արձանագրել է ճշմարտությունը: Ինքը թող բացատրի, թե էդ ո՞նց եղավ, որ դարձավ նախագահ ու լուծարեց Արցախը, որի իրավունքը չուներ: Ինքը համաշխարհային ժողովուրդների աստվածային ծագման օրվանից սկսած համաշխարհային գյուտ է արել, արել է մի բան, որ աշխարհի որևէ երկրում որևէ ժողովուրդ, նույնիսկ հետամնաց ժողովուրդ չի արել: Գյուտարար է ինքը, թող սրա մասին խոսի»,- ասում է Սուքիասյանը:

Վերջինս համոզված է՝ Հայաստանի Հանրապետությունը վատթարագույն վիճակում անգամ ելքեր է որոնել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման համար և գտել է. «Սոֆիայում բանակցությունների հնարավորություն էր ստեղծել, ինչո՞ւ չգնացին բանակցելու, ինքը (Սամվել Շահրամանյանը) այդ հարցի պատասխանն ունի: Հիմա ես ասում եմ՝ Սոֆիայում Արցախի փրկության համար հնարավոր ելքեր կային, ինքն ինչո՞ւ չի գնացել, հետևապես ինքը ոճրագործ է, արցախահայության գլխին աղետ է բերել: Ինչո՞ւ գնացին հեղաշրջում արեցին ռուսական նախագծով, հիմա եկել ասում են՝ «արցախցին ամեն ինչ արել է», լավ էլի, բա Արցախն ո՞ւր է, ուրեմն ամեն ինչ չէ, որ արվել է»:

Սուքիասյանի կարծիքով՝ նաև պատահական չէր, որ լրագրողը հենց այդ հարցերը հնչեցրեց, ու դրան հետևեցին համապատասխան հայտարարությունները: Նա վստահ է՝ դրանք ուղիղ կապ ունեն դրսի հետ, և ՀՀ-ն վերջին 2-3 ամսվա ընթացքում տեղեկատվական հոգեբանական ակտիվ տեռորի է ենթարկվում. «Այդ լրագրողին ես հարց ունեմ. իրենցից Արցախն ուզում եմ, թող բերեն տան, ՀՀ-ն, ես՝ որպես ՀՀ քաղաքացի, 30 տարի իմ բոլոր հնարավորությունները, իմ պետության բոլոր հնարավորությունները ներդրել եմ Արցախում, որպեսզի իրենք Արցախը պահեն: Իրենք աշխատավարձ են ստացել ՀՀ քաղաքացիների ջանքերով ու հարկերով, ավելի լավ են ապրել, քան ՀՀ քաղաքացին»:

Զրուցակիցը նշում է՝ ԼՂ նախկին քաղաքական ղեկավարությունը իր էությամբ կախյալ տեսակ է. «Իրենց կախյալ ինքնությամբ գլխավոր կախյալ սուբյեկտը ՌԴ-ն է, և այդ մարդիկ ֆունկցիա են անում՝ ՀՀ-ն չպիտի լինի, եթե այդ մարդիկ ամբողջ Արցախն են լուծարել, բա գիտեք՝ ՀՀ-ն ի՞նչ կանեն, դուք իրենց հլը նվազագույն հնարավորություն տվեք, հլը տվեք, կհոշոտեն ՀՀ-ն՝ հանուն ՌԴ-ի: Ինքը՝ Շահրամանյանը, ներէթնիկական կոնֆլիկտ է հրահրում, արցախցուն ոչ ոք ոչինչ չի ասել, իրենք են եղել Արցախի պատասխանատուները, իրենք են պետությունը լուծարել, թողել փախել, բացատրությունները, թե՝ տատուս արև, հանուն Արցախի եմ արել, պապուս արև, հանուն Արցախի եմ արե, բան չի փոխում: Ինչ-որ արել են, արել են հանուն Ռուսաստանի և Արցախի և Հայաստանի Հանրապետության դեմ»:

Ըստ՝ «Քրիստոնեա-Ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահի՝ այս շրջանակները հավանաբար պատրաստվում են հաջորդ ընտրություններին:

«Իրենց կլանը ստեղ է, իրենց կլանի ներկայացուցիչները խորհրդարանում են, գուցե կլանը միավորվի, աջակցեն իրար և փորձեն սողոսկել խորհրդարան: Իրենք նպատակ ունեն էս պետությունը լուծարել, մնացածը տեղի, պարագայի հարմարության հարց է, ընտրությունով կարողանան՝ ընտրությունով կանեն, չէ, կշարունակեն հոգեմաշ անող գործընթացով, անընդհատ լարել, սղոցել հասարակության նյարդերը, անընդհատ Արցախի հարցը բորբոքել, հուզականացնել»,- ասում է քաղաքագետը:

Ըստ նրա՝ այս մարդիկ կունենան հաջողություն, եթե իրավապահ համակարգը չգործի. «Հիմա այդ հաջողության հնարավորությունը չունեն, բայց մխտռում են ներհասարակական կյանքը, որի մեջ իշխանությունը մեղավորություն ունի: Պետք է պատասխանել Շահրամանյանին, ընդ որում՝ ինքը պետք է գանգին զգա իրավական պետության ամբողջ ուժը, հասկանա, որ չի կարող ՀՀ-ում ներհասարակական կյանքը մխտռել՝ լինելով մի ամբողջ պետություն լուծարած եսիմ ով և շարունակելով լինել եսիմ ով»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ