Կփոխվի մեր տնտեսության կառուցվածքը, մեր արտադրանքի որակը. Եղոյանը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցման մասին

Քաղաքական մակարդակում Հայաստան-ԵՄ երկխոսությունը շատ ավելի առաջ է գնացել, քան մեր տնտեսական հարաբերություններն են: Որոշակի ճեղքվածք է առաջացել այս երկուսի միջև:

Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց ՀՀ ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ անդրադառնալով ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցման գործընթացի մեկնարկին:

«Անհրաժեշտություն կա մեր տնտեսական հարաբերությունները բերել, հասցնել, մոտեցնել առնվազն այս քաղաքական երկխոսության մակարդակին»,- ասաց Արման Եղոյանը:

Ինչ կփոխվի հիմա մեր կյանքում՝ հարցին ի պատասխան, Եղոյանն ասաց՝ կարճ րոպեների ընթացքում թվարկել չի կարող, սակայն կնշի գլխավորը:

«Կփոխվի մեր տնտեսության կառուցվածքը, մեր արտադրանքի որակը, արտադրողականության ծավալները: Սրանք այն ոլորտներն են, որոնք ընդգրկված են ազատ առևտրի համաձայնագրում և որոնց միջոցով ԵՄ-ն պետություններին պատրաստում է անդամության»,- ասաց Արման Եղոյանը:

Ըստ ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի, մեկ պետությունը չի կարող լինել 2 մաքսային միության անդամ: Անդրադառնալով այս մասով Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ հայտարարություններին, Եղոյանը նկատեց.

«Դա Օվերչուկը չի ասում, դա տրամաբանությունն է ասում: Եկեք Ռուսաստան և ԵԱՏՄ բառերը չօգտագործենք որպես հոմանիշներ, ինչպես որ չենք կարող օգտագործել Ֆրանսիա և ԵՄ, Գերմանիա և ԵՄ բառերը որպես հոմանիշներ»,- ասաց Եղոյանը:

Հիշեցնենք՝ փետրվարի 12-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթաց մեկնարկելու նախագիծը:

Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը կհանգեցնի Երևանի՝ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալուն և երկրի համար ԵԱՏՄ շուկայի փակմանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ