«Կրթվելը նորաձև է» հերթական կանգառը՝ Լոռու մարզի Լեռնավան համայնք։ ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը շարունակում է «Կրթվելը նորաձև է» կրթարշավը, որի նպատակն է հանրային դաշտ բերել կրթվելու դերը և նպաստել դրա նորովի ընկալմանը:
Այս հանդիպումն իրականացվեց Համլետ Մազմանյանի նախաձեռնությամբ, ով նախորդ հանդիպումների ակտիվ մասնակիցներից էր և այս անգամ՝ արդեն նախաձեռնողի դերում, հրավիրել էր կրթական շարժումն իր համայնք։ Սա լավագույն վկայությունն է այն փաստի, որ մեր կրթաշղթան ոչ միայն ընդլայնվում է, այլև դառնում է անհատների միջոցով ինքնաբուխ շարունակվող շարժում՝ հասանելի դառնալով ավելի լայն լսարանին։ Այն ևս մեկ անգամ ընդգծում է, որ կրթությունը տարածվում է մարդուց մարդ, գաղափարից գործողություն, համայնքից համայնք։
Հանդիպման ընթացքում մասնակիցները կիսվեցին իրենց մտքերով այն մասին, թե ինչու են կարևորում #ԿրթվելըՆորաձևԷ շարժումը՝ ընդգծելով, որ կրթությունը պետության զարգացման հիմնասյունն է, և շարունակական ուսումը կարևոր պայման է անձնական ու հասարակական առաջընթացի համար։
Տիկին Հակոբյանը, լսելով քննարկման ընթացքում հնչած մտքերը, նշեց, որ մասնակիցների այդչափ ներգրավվածությունն ու հետաքրքրվածությունը ոչ միայն ոգևորում են իրեն, այլև պատասխանատվության բարձր զգացումով լցնում՝ ընդգծելով, որ դեռ ահռելի աշխատանք կա կատարելու։
Լիահույս ենք, որ այս հանդիպումը յուրաքանչյուր մասնակցի կմղի ինքնավերլուծության, ստացած գիտելիքն արժևորելու, ինքն իրեն հարցեր ուղղելու, անահգուրդ սովորելու և ամենակարևորը՝ լուծումներ գտնելու ճանապարհին առաջին քայլերը կատարելու։
«Կրթվելը Նորաձև է» նախաձեռնությունը ոչ միայն հանդիպումների շարք է, այլև կրթության գաղափարի շուրջ համախմբված մեծ համայնքի ձևավորման հարթակ: Հանդիպման բոլոր մասնակիցների հետ հետադարձ կապը պահվում է՝ ապահովելով շարունակական երկխոսություն և փոխգործակցություն։ Այս կապակցությամբ, շարժման հանդիպումների բոլոր մասնակիցները հրավիրված են մասնակցելու մարտի 15-ին կայանալիք TED Talk ձևաչափի միջոցառմանը, որի առաջին բանախոսն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: