Եվրամիության անդամակցության ճանապարհին Հայաստանի ամենամեծ մարտահրավերը ստանդարտներին համապատասխանեցումն է։
Այս մասին Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցին, թե ո՞րն է Հայաստանի մարտահրավերը դեպի Եվրամիություն տանող ճանապարհին։
«Ամենամեծ մարտահրավերը ես համարում եմ Հայաստանի Հանրապետության օբյեկտիվորեն Եվրամիության ստանդարտներին համապատասխանելը։ Դա է ամենամեծ մարտահրավերը։ Որ մենք և կառավարման, և հակակոռուպցիոն պայքարի, և տնտեսության թափանցիկության, և հաշվետվողականության, և քաղաքացիական հասարակության, և ժողովրդավարության բոլոր կոմպոնենտներով համապատասխանենք ԵՄ չափանիշներին, որը իրականում մեզ է անհրաժեշտ, որպեսզի մենք մեր պետությունը ինստիտուցիոնալ և արդյունավետ կերպով կառավարելու այդ համակարգը ձևավորենք»,- նշեց նա։
Փաշինյանն ընդգծեց, որ կառավարությունը դրական է գնահատում Ազգային ժողովի կողմից ընդունված «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը, քանի որ այն համապատասխանում է կառավարության որդեգրած բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությանը։
«Կարծում եմ, որ շատ կարևոր քայլ ենք անում այն առումով, որ երբ այդ օրենքը վերջնական ուժի մեջ կմտնի, մենք մի կարևոր ծառայություն մատուցած կլինենք մեր ժողովրդին։ Որն է այդ ծառայությունը, որ մենք, այդ թվում արտաքին հարաբերությունների ամբողջական «մենյու» առաջարկած կլինենք Հայաստանի Հանրապետության ժողովրդին, և դա մեզ հնարավորություն կտա ավելի քաղաքական դարձնել մեր քաղաքական կյանքը և բովանդակային քննարկումների վրա ավելի շատ կենտրոնանալով այդ տրամաբանությամբ կարևոր եմ համարում օրենքի ընդունումը»,- ասաց վարչապետը։
Միևնույն ժամանակ, վարչապետը ընդգծեց, որ պետք է ճիշտ սպասումներ ձևավորել, որպեսզի քաղաքացիները չկարծեն, թե այս որոշմամբ Հայաստանը դարձավ Եվրամիության անդամ կամ թեկնածու երկիր։
«Սա կարևոր քայլ է, որ Հայաստանի Հանրապետության ժողովրդի առաջ ընտրության շատ լայն հնարավորություն դնենք և ինքներս էլ մեր ունեցած ընտրությունների միջև բովանդակային քննարկում ունենանք։ Կարծում եմ՝ սա նաև անվտանգային առումով ևս շատ կարևոր կոմպոնենտ է, որովհետև այդ բալանսները, կարծում եմ, ուղիղ ազդեցություն են ունենում անվտանգային միջավայրի վրա»,- հավելեց նա։
Առավել մանրամասն՝ տեսանյութում: