«Այդ գաղափարախոսությունը պետք է գրավոր ձևակերպվի՝ որպես փաստաթուղթ, և այդ փաստաթղթի ձևակերպումը, որի վրա աշխատանքները մտել են եզրափակիչ փուլ, կհամարեմ զրոյական կետ»:
Այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի դիտարկմանը, թե ինչ փուլեր պետք է անցնի Հայաստանում «գաղափարական տրանսֆորմացիան», որի մասին վերջին շրջանում Փաշինյանը հաճախ է խոսում:
«Հայաստանում գրավոր ձևակերպված այդ գաղափարախոսությունն ունի զրո համախոհ: Մենք այդ զրո համախոհի կետից պետք է սկսենք համախոհության ձևավորումը և ձևակերպումն իրական Հայաստանի հայեցակարգի շուրջ»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ այդ համախոհների թիվն իրականում զրո չէ, բայց քաղաքական մոտեցման առումով ճիշտ է այդպես առաջ շարժվել, և որ Փաշինյանն ինքն իրեն էլ դեռ չդիտարկի որպես իրական Հայաստանի գաղափարախոսության կրող և համախոհ:
Ըստ վարչապետի՝ այդ գաղափարախոսությունը պետք է անցնի հանրային քննարկման փուլով, գրավոր ձևակերպված այդ փաստաթղթի մասին պետք է խոսել քաղաքացիների հետ, ապա պետք է տեղի ունենա այդ գաղափարախոսության նկատմամբ հանրային համախոհության ձևավորման փուլ, նոր միայն երրորդ փուլով այդ գաղափարախոսությունը պետք է քննություն բռնի հերթական խորհրդարանական ընտրություններում:
«Կարծում եմ, որ, այո՛, առաջիկա քաղաքական շրջափուլը հենց ընտրություն է լինելու այս տրամաբանության մեջ: Իրական Հայաստանի գաղափարախոսությունն ընտրություններով պետք է արձանագրվի որպես ՀՀ-ում ժողովրդի և ՀՀ-ի պաշտոնական գաղափարախոսություն»,- ասաց նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: