«Սպիտակ տանը ի սկզբանե հանդիպումներ նախատեսված չէին, և ես, այո՛, ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպել եմ. դա եղել է իմ այցի վերջին օրվա վերջին իրադարձությունը»։
Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին։
«Հընթացս ես այնտեղ էի գնացել ազգային նախաճաշի աղոթքին մասնակցելու միջոցառմանը և կրոնական ազատության հարցերով գագաթնաժողովին մասնակցելու համար։ Հընթացս այդպիսի գաղափար առաջացավ, և կազմակերպվեց հանդիպումը չնախատեսված կարգով, և տեղի է ունեցել հանդիպումը, այն բավականին երկար է տևել, տեղի է ունեցել 1+3 ձևաչափով, այսինքն դա՝ տետ ա տետ խոսակցություն չի եղել:
Պատվիրակության անդամներից մասնակցել են հանդիպմանը՝ մեր կողմից՝ դեսպանը ԱՄՆ-ում, Կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետը, իմ մամուլի խոսնակը։ Հանգամանալից և մանրամասն խոսակցություն է տեղի ունեցել, և ընդ որում՝ տեղի է ունեցել շատ իրենց համար խառը միջավայրում։ Եվ մենք բարձր ենք գնահատում, որ այդ պայմաններում երկուստեք ձևավորվել է հընթացս հետաքրքրությունը նման հանդիպում անցկացնելու, և տեղի է ունեցել: Ես գնահատում եմ շատ կարևոր և շատ արդյունավետ։ Հանդիպման նկատմամբ փոխադարձ հետաքրքրությունը նշանակում է, որ մեր հարաբերություններում կա դինամիկա, այդ դինամիկան պետք է պահել և զարգացնել։ Ես ուզում եմ ո՛չ նեգատիվով ծայրահեղության մեջ ընկնենք, ո՛չ պոզիտիվով ծայրահեղության մեջ ընկնենք, վերաբերվենք որպես աշխատանք, որն արվում է, և պետք է ավելի լավ և ավելի հետևողական շարունակենք անել»,- նշեց վարչապետը։