ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է սիրտթոքային և երիկամային անբավարարությամբ տառապող 35-ամյա երիտասարդի պատմությանը, որին, ըստ հրապարակումների, հրաժարվել են բուժօգնություն տրամադրել, քանի որ վերջինս անվճարունակ է:
«Սիրելի հայրենակիցներ, երեկվանից համացանցում տեղեկատվություն է տարածվում Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արաքսավան գյուղի բնակիչ Օհան Մինասյանի առողջական վիճակի և բուժօգնության շուրջ ծագած հարցերի վերաբերյալ։
Իմ հանձնարարությամբ ԱԺ առողջապահության հանձնաժողովի փորձագետը այցելել է բուժհաստատություն, որպեսզի մանրամասն տեղեկանա թե՛ Օհան Մինասյանի առողջական վիճակին, թե՛ բուժման կազմակերպման մանրամասներին։
Նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր և այս պահին իրականցվում է սիմպտոմատիկ բուժում այն բարելավելու համար։ Ցանկանում եմ նաև տեղեկացնել, որ նա չունի այնպիսի կարգավիճակ, որը թույլ կտար բուժումը իրականացնել պետական պատվերի շրջանակներում, սակայն ես կդիմեմ առողջապահության նախարարության մեր գործընկերներին, որպեսզի հնարավորության դեպքում նրա հետագա բուժումը կամ դրա մի մասը իրականացվի պետական պատվերով։
Մենք կապի մեջ ենք Օհանի հարազատների հետ և մեր ուժերի և լիազորությունների շրջանակներում կփորձենք աջակցել բուժման իրականացմանը և նրա առողջական վիճակի բարելավմանը»,- գրել է Թորոսյանը:
Նշենք՝ համացանցում հրապարակված տեղեկատվության համաձայն, Շտապօգնության մեքենայով «Արմենիա» ԲԿ տեղափոխված 35-ամյա Օհան Մինասյանին հիվանդանոցում հրաժարվել են բուժօգնություն տրամադրել՝ պահանջելով նախ կատարել վճարումներ, ինչն ընտանիքը ի վիճակի չի եղել:
Հիվանդի մայրը հայտնել է, որ անվճարունակ են, ապրում են քայքայված վագոն տնակում, ամուսինը մահացած է, ինքը՝ հաշմանդամ, իսկ որդին 44-օրյա պատերազմի մասնակից է, ցույց է տվել նրա զինգրքույկը, սակայն հիվանդանոցում նշել են, որ անվճար չեն սպասարկում պատերազմի մասնակիցներին: