Փետրվարի 7-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Գյումրիում հանդիպել է տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող մի շարք գործարարների հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
«Մեր բոլորի նպատակը մեկն է՝ ունենալ հզոր տնտեսություն, ինչը հիմքն է ուժեղ պետության, ուժեղ բանակի, որակյալ կրթության և բարեկեցիկ ապագայի»,- նշել է նախարարը։
Գևորգ Պապոյանը գործարարներին է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող պետական աջակցության շուրջ երկու տասնյակ ծրագրերը և արտոնությունները, մասնավորապես՝ ներկայացրել է արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը, «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» ծրագրի մանրամասները, մաքսատուրքից ազատման արտոնությունը, պետական լիզինգի գործիքակազմը, բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման աջակցության ծրագրի բովանդակությունն ու պետության ընդհանուր ներդրումային քաղաքականությունը։
«Գործարարները մեր տնտեսության ողնաշարն են։ Որքան ամուր լինեն ձեր դիրքերը, որքան մրցունակ լինեն ձեր բիզնեսները, այնքան կշահի երկրի տնտեսությունը, կստեղծվեն աշխատատեղեր, կկատարելագործվեն ենթակառուցվածքները, և, ի վերջո, կբարգավաճի տնտեսությունը:
Հենց այս գաղափարն է մեր ծրագրերի հիմքում՝ աջակցել ձեզ մեր բոլորի կյանքն ավելի լավը դարձնելու գործում»,- շեշտել է նախարարը։
Գործարարները բազմաթիվ հարցեր են ուղղել նախարարին ինչպես իրականացվող ծրագրերի, այնպես էլ ոլորտային այլ թեմաների վերաբերյալ։
Նախարարը կարևորել է նման հանդիպումները՝ նշելով, որ դրանք լավ հնարավորություն են գործարարների առաջ քաշած խնդիրներն ու առաջարկները լսելու, պատասխանատու անձանց հետ քննարկելու և լուծման ուղիներ գտնելու համար և ավելացրել, որ դրանք շարունակական կլինեն։
Հանդիպմանը մասնակցել են Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, ԱԺ պատգամավորներ Էմմա Պալյանը և Կարեն Սարուխանյանը։